ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները հորդորում է նրան ճանաչել պարտությունը: Քուշները Թրամփի փեսան է, նա ամուսնացած է գործող նախագահի դստեր՝ Իվանկայի հետ:
Քուշները Սպիտակ տան խորհրդականն է և համարվում է Թրամփի ամենամերձավոր դաշնակիցներից մեկը:
Այդ մասին հայտնել է CNN հեռուստակայանը: Թրամփի արձագանքի մասին տեղեկություն դեռ չկա:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Թրամփը պարտվել է դեմոկրատական մրցակից Ջո Բայդենին, որին արդեն շնորհավորել են տասնյակ պետությունների և միջազգային հաստատությունների ղեկավարներ:
Թրամփը և նրա հավատարիմ աջակիցները պնդում են, որ դեմոկրատականները կեղծիքներով են մեծամասնություն ապահովել մի շարք առանցքային նահանգներում: