ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը համառորեն պնդում է, թե չի պարտվել նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում: Նրա համոզմամբ, դեմոկրատական Ջո Բայդենը «ժամանակից շուտ է ինքն իրեն հաղթող հռչակել»:
Թրամփի ընտրական շտաբի հայտարարության համաձայն, «ընտրությունները դեռ չեն ավարտվել, քանի որ ոչ մի նահանգ Բայդենի հաղթանակը պաշտոնապես չի ճանաչել»:
«Բայդենի շտաբը ցանկանում է հաշվի առնել միայն կեղծված քվեաթերթիկները, որոնք ներկայացվել են քվեարկելու իրավունք չունեցողների կամ մահացած քաղաքացիների անունից»,- հայտարարել է Թրամփը:
Աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ Ջո Բայդենին արդեն շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ: Բայդենին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թրամփի թիմը վաղվանից մտադիր է հայցերով դիմել դատարաններ և բողոքարկել ընտրությունների արդյունքները տարբեր նահանգներում:
Վերջին տվյալների համաձայն, Բայդենն ընտրությունների արդյունքում ստացել է ընտրիչների 279 ձայն (հաղթանակի համար աննհրաժեշտ է 270). իսկ Թրամփը՝ 214 ձայն:
ԱՄՆ նախագահի ընտրությունն ի պաշտոնե կատարում է Ընտրիչների կոլեգիան:
2021 թվականի հունվարի 20-ին Բայդենը կդառնա ԱՄՆ 46-րդ նախագահը: ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը կստանձնի Քամալա Հարիսը: