Այսօր կեսօրից հետո` ժամը 2-ին, ռուս խաղաղապահները զրահատեխնիկայի շարասյունով մտան Քարվաճառի շրջան: Եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառի շրջանը մինչև այս կիրակի` նոյեմբերի 15-ը, պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը: «Ազատության» թղթակիցը հայտնում է, որ առաջինը հենց Դադիվանքի տարածքում են տեղակայվել ռուս խաղաղապահները, նաև քիչ ներքև` խաչմերուկում:
Դադիվանքում ծանր դրություն է:
Տեղի Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ ինքն այնուամենայնիվ չի հեռանալու տարածքից, սակայն արդեն կա պայմանավորվածություն 800 տարվա վաղեմության 2 խաչքարները տեղափոխելու վերաբերյալ: Այդ խաչքարներն, ի դեպ, տեղում են եղել և երբևէ չեն տեղաշարժվել բոլոր տարիների ընթացքում, նույնիսկ 90-ականների պատերազմից էլ առաջ:
Դադիվանքում էլ, գյուղում էլ ծանր տրամադրություններ են, մարդիկ հեռանում են` հրդեհելով իրենց տները: Քիչ առաջ գյուղից հեռացել է նաև դպրոցի տնօրենը ու կրակի տվել և՛ դպրոցի շենքը, և՛ իր տունը:
«Ես արդեն հոգնել եմ, էնքան խոսել են: Ի՞նչ է փոխվում, այ սա ի՞նչ է փոխում: Ամբողջ աշխարհն ինձնից խոսք է ուզում, այս խոսքը հասնո՞ւմ է աշխարհին, կույր մարդկանց հասնո՞ւմ է, կույր երկրներ հասնո՞ւմ է մեր խոսքը: Ասեմ ձեզ հետևյալը` դեռ հույս ունեմ, Աստծո հրաշքին եմ սպասում, որ այս հարցը միայն Աստված է լուծելու: Մենք` մահկանացուներս չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, և այս պատմական եկեղեցին, որը դարեր ի վեր ծառայել է, օրհնել է մեր ժողովրդին, այսօր մենք սկուտեղի վրա ուզում ենք մատուցել, ես չեմ ուզում առհասարակ: Այն երկրներին, այն անձանց, որոնք սրա արժեքը չգիտեն, ինչի՞ համար, ես մնալու եմ այստեղ, ես մնալու եմ իմ եկեղեցում», - ասաց Տեր Հովհաննեսը:
Նշեց նաև` քանի որ չգիտեն, թե վաղն ինչ է լինելու, ժամանակավոր տեղափոխում են ասեղնագործ խաչքարերը. «Մենք միշտ լավն ենք մտածում, բայց մեր հարևանը չի սիրում հայի ձեռագիրը, իրենք ունեն իրենց սև ձեռագիրը, և եթե գան, Աստված մի արասցե, հիշում եք Նախիջևանի խաչքարերը, նույն ճակատագրին կարող են արժանանալ կամ միգուցե ավելի վատ: Խաչքարերն են տեղափոխում, բայց այս հոգևոր աշխարհը չեն կարողանում տեղափոխել, եթե հնարավոր լիներ, կտեղափոխեին»:
Վանական համալիրի տարածքում քաղաքացիներն էին` Արցախից, Հայաստանից, որ եկել էին հրաժեշտ տալու. «Տնավեր արեցին, ճանապարհին գալիս ենք, 15 թիվն եմ հիշում, բառ չեմ գտնում ասելու: Շատ ծանր ենք տանում, մեր այս պատմական տարածքները սկուտեղով մատուցվեց անարժանին: Աստված մեծ ա, երևի մի լավ բան կլինի հետո, հուսանք, որովհետև ինչ վիճակում էլ միշտ հայը եղել է, երբեք հույսը չի կորցրել»: