Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանը վստահ է` Արցախում ապրողներն անվտանգության բավարար երաշխիքներ են ունենալու


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո կա որոշակի անորոշություն դրանց պայմանների բավարարման և հետագա անելիքների հետ կապված: Պաշտոնական Ստեփանակերտը դեռևս չի մեկնաբանում, թե խաղաղապահների տեղակայման գործընթացն ինչ փուլում է: Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը «Ազատությանն» ասաց` մեկնաբանություն տալ չեն կարող, նախնական տեղեկություններով` ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեն շփման գծում` փոխարինելով այնտեղ այս պահին գտնվող հայկական զինված ուժերին:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` ռուս խաղաղապահներն արդեն մուտք են գործել Արցախ, նույնիսկ Ստեփանակերտում են գտնվում, որոշակի համակարգման աշխատանքներ են կատարվում: Այս փուլում առավել առաջնային է գերիների և զոհվածների դիերի դուրսբերման գործընթացը Շուշիից և այն հատվածներից, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:

«Ազատության» հետ զրույցում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ասաց, որ իր տեղեկություններով` առաջիկա օրերին պետք է ամբողջը կազմակերպվի, որոշակի խնդիրներ կան, որոնք լուծելուց և անվտանգության երաշխիքներ ունենալուց հետո կկազմակերպվեն այդ աշխատանքները. «Տեղյակ եմ, որ համապատասխան մարմինները և այստեղ, և Հայաստանի Հանրապետությունում, ու նաև ռուս խաղաղապահների ղեկավարությունը հիմա աշխատում են անվտանգության երաշխիքների ամրապնդման ուղղությամբ: Դա կլինի թե ընդհանրապես սահմանագծում կամ շփման գծում, թե նաև հումանիտար միջանցքի երկայնքով: Այն, որ մենք ունենալու ենք բավարար անվտանգության երաշխիքներ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա Արցախում ապրել և նաև կապ ունենալ արտաքին աշխարհի ու ՀՀ-ի հետ, ես համոզված եմ: Ու այդ ուղղությամբ բնականաբար Արցախի պետական մարմիններին էլ, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և նաև միջնորդներն ու խաղաղապահները պարտավոր են, ու ես համոզված եմ, որ կատարելու են, իրենցից կախված առավելագույնը:

Մեզ համար, բնականաբար, մեր բնակչության համար այս պահին գլխավոր հարցը անվտանգության երաշխիքներն են, ինչից հետո բավականին շատ հարցեր ավելի որոշակի են դառնալու այստեղ: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, և ես բոլոր արցախցիներին կոչ եմ անում օր առաջ վերադառնալ Արցախ, որևէ մտահոգություն չունենալ, մենք ունենալու ենք արտաքին կապի երաշխավորված հնարավորություններ, և մենք մեր լիազորությունների շրջանակներում առավելագույնս կատարելու ենք, որ այստեղ մարդիկ կարողանան քիչ թե շատ ապահով միջավայրում ապրել և շարունակել իրենց կյանքը հենց Արցախում»:

Ինչ վերաբերում է գերիների, զոհվածների դիերի փոխանակմանը, ՄԻ պաշտպանն ասաց. «Այդ գործընթացն արդեն մեկնարկել է: Ես էլ բավականին աջակցող մասնակցություն եմ ունենում և Կարմիր խաչի հետ բանակցություններում, և պետական մարմինների հետ բանակցություններում ու կապի ապահովման հարցում: Հիմա արդեն որոշ նախապատրաստական աշխատանքներ խաղաղապահների կողմից կատարվում են, որպեսզի որոշ հատվածներում նույնիսկ այսօր հավանաբար սկսելու ենք որոշ գործողություններ Կարմիր խաչի հետ համատեղ, որպեսզի կարողանանք հնարավոր վիրավորներին դուրս հանել և բնականաբար նաև դիակները, քանի որ ծավալն այդքան էլ քիչ չէ և հայկական կողմից, և հատկապես նաև ադրբեջանական կողմից, այս աշխատանքը բավականին ժամանակատար է, բայց կարևորը մեկնարկն է, քաղաքական կամքն է, որ արդեն խաղաղապահներն անցել են անվտանգության երաշխիքների ապահովմանը, և Կարմիր խաչն էլ տեղում է ու պատրաստ է տարբեր հարցերով աջակցել: Իհարկե, նաև Արցախի համապատասխան մարմիններն էլ իրենց դերակատարումն ունենալու են»:

Հարցին, թե այն քաղաքացիները, ովքեր ունեն զինծառայողներ, ում հետ չեն կարողանում կապ հաստատել, կամ վերջին տեղեկություններով` եղել են այն տարածքներում, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ չեն, ո՞ւր պետք է դիմեն, Արցախի օմբուդսմենը պատասխանեց. «Տարբեր առիթներով հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կա գործող թեժ գիծ: Այդ թեժ գծին պետք է զանգահարեն, եթե չեմ սխալվում` 81-35, և այլ հեռախոսահամարներ էլ կան: Տարբեր առիթներով լրատվամիջոցներն էլ են հրապարակել: Առաջին հերթին իրենք են հավաքագրում տվյալները: Իհարկե, Արցախի Հանրապետությունում գործող գերիների, անհայտ կորածների ու պատանդների հանձնաժողովն էլ է տարբեր տվյալներ հավաքագրում, մենք էլ աջակցում ենք` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Եթե մեզ դիմում են, ամեն դեպքում չենք զլանում, տվյալները մուտքագրում ենք ու փոխանցում ենք Կարմիր խաչին, նաև տվյալ հանձնաժողովին Արցախում գործող»:

XS
SM
MD
LG