Աշխարհի տասնյակ պետությունների ղեկավարներ մեկը մյուսի հետևից շնորհավորում են Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենին։ Այդուհանդերձ, Հայաստանի վարչապետը կամ նախագահը դեռ չեն շնորհավորել նորընտիր դեմոկրատ նախագահին։ Մինչ այդ Հայաստանում արդեն քննարկում են՝ ինչ կարելի է ակնկալել Նահանգների 46-րդ նախագահից։
«Պետք է ունենալ ադեկվատ ակնկալիքներ», - ասում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. - «Պետք է Միացյալ Նահանգների հետ կառուցենք շատ այնպիսի հարաբերություն, որ մենք ունենանք հստակ ակնկալիք, ադեկվատ ակնկալիքի մասին է խոսքը գնում, այսինքն` ոչ թե միֆական ակնկալիքներ, այլ ադեկվատ ակնկալիքներ` գործընկերային հարաբերություն կառուցել, որի ընթացքում նաև հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով ազդել նաև Իսրայելի վրա Ադրբեջանին վաճառվող զենքի կոնտեքստում: Սա էլ է հնարավոր, բայց պետք է ճիշտ աշխատանք տանել, հարաբերություն կառուցել շատ ճիշտ»:
Ընդդիմադիր Մարուքյանի կարծիքով` վերջին 4 տարիներին չի հաջողվել արդյունավետ հարաբերություններ կառուցել գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, և ԱՄՆ-ում ընտրված նոր նախագահը Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում նոր սկիզբ ունենալու հնարավորություն է տալիս։ Մյուս կողմից` այս պահին Հայաստանի ու աշխարհի հայերին ամենաշատ հուզող հարցում՝ Արցախում փոփոխություններ ակնկալել Ջո Բայդենի ընտրվելու կապակցությամբ պետք չէ, ասում է Մարուքյանը. - «Ակնհայտ է, որ արցախյան խնդիրը և պատերազմն այս պահին ընթացող ամեն րոպեի ընթացքում փոփոխություն է տեղի ունենում, և ամեն րոպեի ընթացքում ճակատագիր է որոշվում, հետևաբար սպասել, որ հունվարին ԱՄՆ նոր նախագահը կստանձնի պաշտոնը, և ինչ-որ բան կփոխվի, կարծում եմ` նման սպասելիք մենք չպետք է ունենանք, որովհետև մեր խնդիրը հենց հիմա է լուծվում, հենց այսօր, հենց այս ընթացքում»:
Էդմոն Մարուքյանն ավելացնում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում ինստիտուցիոնալ առումով չի փոխվել մոտ 20 տարի անկախ նախագահների հանրապետական կամ դեմոկրատ լինելուց։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդհանուր առմամբ համաձայն է Մարուքյանի հետ, միայն թե ավելացնում է, որ Նահանգների նման մեծ ու ազդեցիկ երկրի արտաքին քաղաքականությունում անգամ փոքր փոփոխությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի նման փոքր երկրների վրա. - «Անգամ մարտավարական մակարդակում եթե տեղի է ունենում մոտեցումների, ոճի փոփոխություն և այլն, Նահանգների ազդեցությունը համաշխարհային այն աստիճան մեծ է, որ անգամ այդ մարտավարական փոփոխությունները շատ հաճախ կարող են որևէ ռեգիոնի համար ունենալ ռազմավարական նշանակություն: Ակնհայտ օրինակի վրա բերենք. Օբամայի վարչակազմի նախագահության ավարտը նշանավորվեց Իրանի հետ միջուկային համաձայնագրով, և սա էապես փոխեց հարավկովկասյան ռեգիոնի և նաև Հայաստանի համար աշխարհաքաղաքական միջավայրը»:
Չնայած Ջո Բայդենը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, այնուամենայնիվ արդեն այսօրվանից պետք է սկսել աշխատել նրա թիմի հետ, վստահ է Հակոբ Բադալյանը. - «Ընդհանրապես թե պատերազմի առումով և թե ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերության ռազմավարական հեռանկարների առումով այդ աշխատանքը պետք է տարվի, և նույնիսկ կարող ենք չբացառել, որ որոշակի իմաստով շփումներ, աշխատանք արդեն իսկ սկսված են դեմոկրատական շրջանակների հետ»:
Արտաքին քաղաքական հարցերում նախընտրական շրջանում Բայդենը խոստանում էր, որ Միացյալ Նահանգները կրկին կստանձնի առաջնորդի դեր՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։ Մարուքյանը կարծում է` նման խոստումը նախ և առաջ վերաբերում է ժողովրդավարական արժեքների պահպանմանը. - «Խոսքը գնում է զուտ ներքին փոփոխություններ, բարեփոխումներ, ժողովրդավարություն որպես պրիորիտետ օգտագործելու առումով, ինչը արցախյան հակամարտության հետ կապ չունի, այսինքն` մեզ սպասվող խնդիրներ հետ կապված, օրինակ, որ Նահանգները ճանաչի Արցախի, կամ Նահանգներն Ադրբեջանի վրա ճնշում գործադրի, այս առումով ես մեծ ակնկալիք չունեմ»: