Ամերիկյան մի քանի առաջատար լրատվամիջոցներ հաղորդում են, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը՝ Փենսիլվանիա նահանգում առաջ անցնելով հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփից։
Բայդենին հաղթելու համար անհրաժեշտ էր Ընտրիչների կոլեգիայում ապահովել 270 ձայն, նա այս պահին արդեն 273-ն ունի։ Գործող նախագահ Թրամփը 214 ձայն ունի։
Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:
Բայդենը քիչ առաջ Թվիթերում գրել է. - «Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ եք ընտրել՝ առաջնորդելու մեր հզոր երկիրը։ Մեզ սպասվում է ծանր աշխատանք, բայց ես խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից ինձ ձայն տվել եք, թե՝ ոչ»։
Մինչդեռ գործող նախագահը հայտարարել է, թե այս ընտրությունը դեռ չի ավարտվել։