Մատչելիության հղումներ

Ընտրություններից երեք օր անց դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու ԱՄՆ-ն առաջիկա չորս տարիներին


Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ
Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ

Սպիտակ տան ղեկավարի ընտրություններից երեք օր անց հայտնի չէ հաղթողի անունը: Ծայրաստիճան լարված մթնոլորտվում քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է։

Միացյալ Նահանգների նախագահը դառնալու համար ոչ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ոչ էլ նրա մրցակից նախկին փոխնախագահ Ջո Բայդենն առայժմ չեն ստացել ընտրիչների 270 քվեն, որն անհրաժեշտ է նահանգների 46-րդ նախագահը դառնալու համար։

Այս պահին հանրապետական թեկնածուն Ընտրիչների կոլեգիայում ունի 214 քվե, իսկ դեմոկրատներինը՝ 253, ինչը Ջո Բայդենին մոտեցնում է հաղթանակի:

Մինչ այդ, ընտրությունների արդյունքներն առանց հիմնավոր փաստերի կասկածի տակ դրած նրա մրցակիցը՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, պատրաստվում է երկարատև դատական գործընթացի, որով հույս ունի վիճարկել քվեների արդյունքները և վերադարձնել, ինչպես պնդում է, հանրապետականներից գողացված ձայները:

Մինչ Ամերիկայի մի շարք նահանգներում՝ Նևադայում, Ջորջիայում, Հարավային Կարոլինայում, Փենսիլվանիայում, Ալյասկայում և Արիզոնայում քվեների հաշվարկը կամ վերահաշվարկը շարունակվում է, երկրի Գերագույն դատարանը ժամեր առաջ Հանրապետական կուսակցության պահանջով վճռեց անհապաղ դադարեցնել Փենսիլվանիայում ընտրատեղամասերը փակվելուց հետո ստացված քվեաթերթիկների հաշվարկը և դրանք հաշվել առանձին։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Փենսիլվանիայում քվեաթերթիկների շուրջ 96 տոկոսի հաշվարկի արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենն իր մրցակցից առաջ է անցնում ավելի քան 27 հազար ձայնով:

Ընտրական գործընթացները համակարգող Փենսիլվանիայի գերագույն մարմինն ավելի վաղ արդեն որոշում էր կայացրել ուշացած քվեաթերթիկները հաշվել առանձին, հանրապետականերն այդուհանդերձ նույն պահանջով հայց էին ներկայացրել Գերագույն դատարան, սակայն դրանում որևէ ապացույց չներկայացնելով առ այն, որ ուշացած քվեաթերթիկները չեն առանձնացվել։

Հանրապետականների նմանօրինակ հայցերն ամերիկյան երկու նահանգների՝ Միչիգանի և Ջորջիայի դատարաններն անցած օրերին մերժվել են։

Չնայած 77-ամյա Ջո Բայդենի հնարավոր մոտալուտ հաղթանակի մասին վկայող քվեների քանակին, գործող նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ, իր դեմոկրատ մրցակիցը չպետք է հանդես գա հաղթանակի մասին «ոչ օրինաչափ հայտարարություններով», քանի որ, ինչպես հավելել է, դատական վեճերը դեռ նոր են մեկնարկում։

Թրամփը հերթական անգամ համոզմունք էր հայտնել, որ քվեների վերանայման հարցով դատական գործընթացները կփոխեն ձայների հարաբերակցությունը և, ինչպես նշել է, կվերականգնվի իր առավելությունը Բայդենի նկատամամբ, այս մասին Թրամփը գրել է Թվիթերի իր էջում:

Նախկին փոխնախագահ, Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնին հավակնող Ջո Բայդենը մինչդեռ համոզված է՝ առաջիկա չորս տարիներին ինքն է ղեկավարելու Սպիտակ տունը։

«Մենք դեռևս չենք կարող հանդես գալ հաղթանակի մասին վերջնական հայտարարություններով, սակայն թվերը մեզ կասկածի տեղիք չեն տալիս։ Մենք կհաղթենք այս պայքարում», - ելույթ ունենալով իր հայրենի Դելավեր նահանգում՝ հայտարարել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը՝ կոչ անելով ամերիկացիներին լարված նախընտրական պայքարից հետո պահպանել համբերությունը և հանդարտությունը։

Քվեարկությունից հետո ամերիկացիներին հղած իր երկրորդ ուղերձում Ջո Բայդենը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուն պես պատրաստվում է կենտրոնանալ չորս հարցերի վրա՝ կորոնավիրուսի համաճարակի, տնտեսական ճգնաժամի, կլիմայի գլոբալ փոփոխության և համակարգային ռասիզմի։

XS
SM
MD
LG