Դեռ երեկ, երբ Դոնալդ Թրամփը, չսպասելով քվեների վերջնական հաշվարկին, Սպիտակ տանը հավաքված աջակիցներին ասաց, թե հաղթել են ընտրություններում, Եվրոպական փոքր երկրի, Եվրամիության անդամ Սլովենիայի վարչապետը շտապեց շնորհավորել նրան։ Յանեզ Յանշան Թվիթերում գրել էր. «Ակնհայտ է, որ ամերիկայի ժողովուրդը ևս 4 տարով ընտել է Դոնալդ Թրամփին ու Մայք Փենսին։ Որքան ձգձգվի և հերքվեն փաստերը, այնքան մեծ կլինի նախագահի վերջնական տրիմուֆը։ Շնորհավորում եմ հանրապետականներին ուժեղ արդյունքների համար Ամերիկայով մեկ»:
Դեռ ընտրություններից առաջ, հոկտեմբերին տեղի ունեցած Թրամփ-Բայդեն վերջին հեռուստաբանավեճի հաջորդ օրը Սլովենիայի վարչապետը Թվիթերյան գրառմամբ աջակցություն էր հայտնել Թրամփին, իսկ նրա մրցակից Ջո Բայդենի մասին գրել էր, թե ընտրվելու դեպքում նա կլինի ամենաթույլ նախագահներից մեկը ԱՄՆ-ի պատմության մեջ։
Լրատվամիջոցները, փոխանցելով Սլովենիայի ջերմ վերաբերմունքը Թրամփի հանդեպ, հիշեցնում են, որ Սլովենիան ԱՄՆ-ի առաջին տիկնոջ, Մելանյա Թրամփի ծննդավայրն է։
Յանեզ Յանշայի Թրամփին ուղղված շնորհավորական գրառմանը իսկույն արձագանքել են Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Գերմանիայից պատգամավոր Նիկոլա Բեերը, հաշվի առնելով, որ քվեների հաշվարկը չի ավարտվել, հայտարարել է, թե Եվրամիությունը, բոլոր անդամ երկների հետ միասին, պետք է հարգանք ցուցաբերի յուրաքանչյուր քվեի հանդեպ։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցեով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ասել է, թե քանի դեռ սպասում են ընտրությունների արդյունքներին, Եվրամիությունը նախկինի պես պատրաստ է շարունակել Տրանսատլանտյան ամուր գործընկերության կառուցումը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու պատմության վրա։
Ռուսաստանում հույս ունեն, որ այս անգամ ընտրություններին միջամտելու մեղադրանքներ չեն լինի, ինչի համար մեղադրվում էին ԱՄՆ-ի 2016-ի ընտրությունների ժամանակ։ «Ռուսաստանի համար լավ կլինի, եթե վերջնական արդյունքից հետո պարտված կողմը չդիմի արտաքին միջամտության մեղադրանքներին», - հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը։
Կրեմլը ձեռնպահ է մնում որևէ հայտարարությունից, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, թե Մոսկվայի որևէ մեկնաբանություն Ամերիկայում ընկալվում է այնպես, ինչպես կարմիր կտորը ցուլի համար։ «Եկեք հիմա որևէ մեկնաբանություն չտանք․ ամերիկացիները իրենք պետք է լուծեն իրենց հարցերը», - ասել է նա լրագրողներին, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ում որքան շատ ձգվի անորոշ իրավիճակը, այնքան ուժեղ կլինի բացասական ազդեցությունը համաշխարհային գործերի ու տնտեսության վրա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը երեկ պատասխանելով հարցին, թե Պեկինի համար ո՞վ է նախընտրելի Թրամփը, թե Բայդենը, ասել է․ «ԱՄՆ-ի ընտրությունները Ամերիկայի ներքին գործն է, և այդ հարցում Չինաստանը դիրքորոշում չունի»։
Թրամփի սերտ դաշնակից Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ևս ձեռնպահ է մնացել մեկնաբանությունից, երեկ, երբ ընդդիմության առաջնորդը առաջարկել է դատապարտել իր հաղթանակի մասին Թրամփի հայտարարությունը, Բորիս Ջոնսոնը նշել է, թե Բրիտանիայի կառավարությունը չի մեկնաբանում դաշնակցիների և ընկերների ժողովրդավարական գործընթացները:
Արտգործնախարար Դոմենիկ Ռաաբը, ևս հրաժարվելով մեկնաբանել իրավիճակը, կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հստակեցումը հնարավոր է ոչ թե ժամերի, այլ օրերի կարիք կունենա։
ԱՄՆ-ի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկու օր առաջ հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները ազդեցություն չեն ունենա Թեհրանի քաղաքականության վրա ԱՄՆ-ի հանդեպ։ «Միևնույն է ով կընտրվի, կարող են որոշակի իրադարձություններ լինել, բայց դրանք չեն անհանգստացնում մեզ», - նշել էր այաթոլլա Խամենեին։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում ասել է, որ Թեհրանի համար կարևոր է ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե՝ ով կհաղթի։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն լրագրողներին ասել, թե Կանադան պատրաստ է շարունակել աշխատել Ամերիկայի ժողովրդի և կառավարության հետ, անկախ ընտրությունների արդյունքից։