Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների արդյունքների հաշվարկը


Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքները դեռ պարզ չեն: Մինչ այժմ հրապարակված տվյալներով՝ առաջատարը դեմոկրատական թեկնածու Ջոզեֆ Բայդենն է, սակայն մի քանի առանցքային նահանգների քվեարկության արդյունքները դեռ ամփոփված չեն:

Քվեներին հաշվարկը դանդաղում է նաև փոստային ծառայության միջոցով կատարված տասնյակ միլիոնավոր ամերիկացիների քվեարկության պատճառով, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում գերադասել են քվեաթերթիկները ծրարով ուղարկել: Քվեարկության այս ձևին Դոնալդ Թրամփն ի սկզբանե դեմ էր:

Շուրջ 100 միլիոն ամերիկացի այս ընտրությունների քվեարկել է նախապես: Սուր ընտրապայքարում թեկնածուներից յուրաքանչյուրը համոզված է, որ ինքն է հաղթում: Քվեների հաշվարկը դեռ չավարտված Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, դիմելով իր աջակիցներին, ասել է, թե ինքը հաղթել է:

«Անկեղծ ասած, մենք հաղթել ենք այս ընտրություններում», - հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ձայների հաշվարկը դեռ շարունակվում է՝ առանց լուրջ միջադեպերի։ Բայց Դոնալդ Թրամփը Թվիթերի իր օգտահաշվում առանց ապացույցներ ներկայացնելու պնդել էր, թե իր ձայները գողանում են։

«Սա մեծ խաբեություն է երկրի նկատմամբ: Մենք ցանկանում ենք, որ օրենքը կիրառվի պատշաճ կերպով, կդիմենք Գերագույն դատարան, մենք ցանկանում ենք, որ քվեարկությունը դադարեցվի, չենք ցանկանում, որ նրանք առավոտյան ժամը 4-ին նոր քվեներ գտնեն և ավելացնեն ցանկին»,- գրել էր գործող նախագահը։

Քվեարկությունը վերահսկող պաշտոնյաները, սակայն հայտարարել են, որ նման պնդումներն անհիմն են, իսկ ձայների հաշվարկը ընթանում է օրենքի շրջանակներում։

Դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենն իր հերթին ասել է, թե համոզված է, որ հաղթում է և ամերիկացիներին հորդորել է համբերել մինչև յուրաքանչյուր քվեի հաշվարկի ավարտը:

«Մենք գտնում ենք, որ այս ընտրություններում հաղթում ենք, մենք գիտենք, որ փոստային ծառայության միջոցով և նախնական քվեարկության աննախադեպ քանակի հետևանքով հաշվարկը որոշ ժամանակ կպահանջի։ Մենք պետք է համբերատար լինենք, քանի դեռ բոլոր քվեների հաշվարկը չի ավարտվել», - Վիլմինգթոնում, դիմելով իր աջակիցներին, ասել է Ջոզեֆ Բայդենը:

Նրա նախընտրական արշավի մենեջեր Ջեյն Օ՛Մելլի-Դիլոնն, արձագանքելով Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ասել, թե ընտրությունների ելքը Թրամփը կամ Բայդենը չեն որոշում.- «Ժողովրդավարական գործընթաց է գնում և պետք է շարունակվի, քանի դեռ չեն հաշվել բոլոր քվեները»։

Նա Թրամփի հայտարարությունը վրդովեցուցիչ է համարել՝ ասելով, թե դա Ամերիկայի քաղաքացիներին ժողովրդավարական իրավունքներից զրկելու անթաքույց փորձ է։

Ամերիկյան նախագահական ընտրություններում յուրաքանչյուր նահանգ ներկայացնում է իր բնակչությանը համապատասխան կոլեգիալ մարմնով՝ ընտրիչներով։ Ամբողջ երկրում 538 ընտրիչ կա, հաղթելու համար պետք է ստանալ առնվազն 270-ի քվեն։

Արիզոնայում Բայդենի հաղթանակը ևս 11 քվե բերեց նրան և Բայդենը 238 ընտրիչների քվե ունի, իսկ Թրամփը՝ 213։

Արիզոնայում ավելի քան վեց տասնամյակների ընթացքում, բացառությամբ մեկ ընտրության, հաղթել էր հանրապետականների թեկնածուն, սակայն այս անգամ դեմոկրատ Բայդենը հաջողության հասավ։

Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է մի քանի նահանգներում և դրանց արդյունքից է կախված ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը։ Փենսիլվանիայում հաղթող թեկնածուն ընտրիչների 20 քվե կստանա, Միչիգանն ու Ջորջիան՝ 16-ական, Վիսկոնսինը 10 քվե կբերի հաղթողին։ Նևադան, որի ընտիչների քանակը վեցն է, հայտնեց, որ քվեարկության արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 5-ին։ Թրամփը վերընտրվելու համար պետք է հաջողության հասնի 6 նահանգներից 4-ում, Բայդենին 3 նահանգներում հաղթելը բավարար է ԱՄՆ նախագահ դառնալու համար։

Զուգահեռաբար անցկացվել են Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի ու Ներկայացուցիչների տան ընտրություններ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փեոլսին հայտարարել է, թե դեմկորատականները կշարունակեն մեծամասնություն կազմել Ներկայացուցիչների տանը։

Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրվել է։ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, ինչպես նաև վերջերս Կոնգրեսում Արցախի անկախության ճանաչման բանաձևը շրջանառության մեջ դրած Գրեյս Նապոլիտանոն վերընտրվել են։ 100 տեղանոց Սենատի համար ընտությունները անցկացվել են 35 տեղի համար։ Մինչ այս ընտրությունները Սենատում մեծամասնություն էին կազմում հանրապետականները 53/47 հարաբերակցությամբ։ Սենատի ընտրություններում վերջնական պատկերը դեռ հստակ չէ։

Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփմանը առցանց կարող եք հետևել այստեղ

XS
SM
MD
LG