Մատչելիության հղումներ

Անկախ զեկույցը փաստում է, որ պատերազմից մի քանի օր առաջ Թուրքիան վարձկաններ և ռազմական տեխնիկա է տեղափոխել Ադրբեջան


Ղարաբաղի դեմ պատերազմի մեկնարկից օրեր առաջ Թուրքիան ոչ միայն սիրիացի վարձկաններ, այլև ռազմական տեխնիկա է տեղափոխել Ադրբեջան մի քանի չվերթներով: Համենայնդեպս դա է փաստում «Սիրիացիները՝ հանուն ճշմարտության և արդարության» անկախ կազմակերպության երեկ հրապարակած ծավալուն զեկույցը։

Հետաքննության հեղինակները զրուցել են շուրջ երկու տասնյակ տարբեր աղբյուրների, այդ թվում՝ զինյալ խմբավորումների առաջնորդների ու վարձկաններին հավաքագրող գործակալների հետ, ինչպես նաև ուսումնասիրել ու վերլուծել են բաց աղբյուրներում առկա փաստերը՝ նկարներն ու տեսանյութերը։ Հենց դրանց հիման վրա էլ իրավապաշտպանները պնդում են, որ սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի 13-ը Թուրքիան առնվազն երկու հազար սիրիացի զինյալ է տեղափոխել Ադրբեջան։ Ավելին, ըստ զեկույցի, մինչև այդ Ադրբեջան են մեկնել Սիրիայի հյուսիսում արմատացած շուրջ 150 կովկասցի ջիհադիստներ։

«Հուլիսին երեք տարբեր չվերթներով Ադրբեջան են հասել չեչենների գլխավորությամբ գործող «Աջնարդ ալ-Կավկազ» («Կովկասի զինվորներ») ծայրահեղակական խմբավորման գրոհայինները», - գրում են հետաքննության հեղինակները։

Ընդ որում, նշվում է, որ ցուցակագրվողներից ոչ բոլորն են ի վերջո Ադրբեջան հասնում։ Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերի նախկին առաջնորդներից մեկը պատմել է․ - «Ի տարբերություն Լիբիայի, այս դեպքում պահանջներն առավել խիստ են։ Թուրքիան հրաժարվում է Ադրբեջան տեղափոխել մինչև 18 տարեկաններին ու 45-ից բարձր տարիք ունեցող տղամարդկանց։ Բացի այդ, ստիպում է նրանց բժշկական զննություն անցնել՝ հավաստիանալու, որ ունակ են կռվել»։

Վարձկաններին հավաքագրող միջնորդներից մեկը ներկայացրել է այն ճանապարհը, որով զինյալները Սիրիայի հյուսիսից հասնում են ղարաբաղյան առաջնագիծ․ - «Նախ նրանց տեղափոխում են Հավաքր Քիլիս սահմանակետ, որտեղ Թուրքիայի հետախուզությունը ստուգում է բոլորին, առգրավում է բջջային հեռախոսները, բժշկական զննության ենթարկում, ինչից հետո թուրք զինվորականները արագացված կարգով բացատրում են՝ ուր են գնալու և ինչ առաջադրանքներ են կատարելու»։

«Տեղացիների, ականատեսների, զինվորական աղբյուրների, զինյալների ու պաշտոնյաների, այդ թվում՝ Սիրիայի ընդդիմադիր խմբավորման առաջնորդներից մեկի վկայությամբ, սեպտեմբերի 23, 24 և 25-ին վեց չվերթ է իրականացվել, Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 1500 վարձկան», - փաստում է զեկույցը։

Ավելին, բարձրաստիճան զինվորականներից մեկն ասել է, որ այդ չվերթներից մեկը վարձկաններից բացի նաև ռազմամթերք է տեղափոխել թուրքական Թեքիրդաղ ռազմակայանից դեպի Ադրբեջան։

Սեպտեմբերի 24-ին՝ պատերազմի մեկնարկից երեք օր առաջ, մասնավորապես, ըստ Flightradar 24 կայքի, թուրքական A400 ռազմական օդանավերը երեք թռիչք են իրականացրել դեպի Ադրբեջան և նույն օրը վերադարձել են Թուրքիա։

Զեկույցի հեղինակները նաև մի շարք այլ փաստեր են գտել` լուսանկարներ, տեսանյութեր, որոնք հենց իրենք՝ Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալ խմբավորումներն են հրապարակել։ Դրանցից մեկում, օրինակ, զինվորական հանդերձանքով տասնյակ տղամարդիկ վարժանքներ են անում անհայտ մի տարածքում, իսկ մի քանիսը հեռվից հետևում են նրանց։ Տեսանյութը շատ կարճ է՝ ընդամենը տասնչորս վայրկյան, սակայն մի շարք կարևոր փաստեր է պարունակում․ նախ, ակնհայտ է, որ վարժանքներին մասնակցողներն ու նրանց հետևողները միևնույն հանդերձանքով չեն։ Մասնագետները, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, փաստել են, որ շարքով վազողները Ադրբեջանի սահմանապահ ծառայության հանդերձանքով են, իսկ մյուս երկուսը՝ Թուքրիայի աջակցությունը վայելող սիրիական «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» դիվիզիաների։ Բացի այդ, փորձագետներին հաջողվել է տեղորոշել տարածքն ու պարզել, որ մարզումները անցկացվում են թուրք-սիրիական սահմանին՝ Հավաքր Քիլիսում տեղակայված ճամբարում, որտեղից էլ զինյալները տեղափոխվում են Ադրբեջան։

Ավելի ուշ նույն՝ սիրիացի ընդդիմադիրների ու զինված խմբավորումների կայքերում հայտնված տեսանյութերում արաբերեն խոսող զինյալներն արդեն երևում են ռազմական գործողությունների դաշտում․ տեղանքը որոշող մասնագետները պարզել են՝ մի դեպքում նրանք Հադրութում են, մյուս դեպքում՝ Հորադիզում ու Ղարաբաղի այլ բնակավայրերում։ Հոկտեմբերի 11-ին Տելեգրամում հրապարակված տեսանյութում սիրիացի զինյալներից մեկը թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տալիս, մյուսն իր բերանով է ասում, թե Իրանի սահմանի մերձակայքում են գտնվում։

Զեկույցը միաժամանակ պնդում է, որ սիրիացի զինյալների խմբերը սկսել են լուրջ կորուստներ կրել ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից․ - «Առաջին խմբաքանակը Ադրբեջան ճանապարհելուց մի քանի օր անց արդեն սիրիական լրատվամիջոցները տեղեկացրին, որ գնացածներից մի քանի տասնյակը զոհվել են՝ հայտնվելով ռմբակոծության տակ։ Հոկտեմբերի 4-ին՝ պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ անց, արդեն ի հայտ եկան զոհվածների լուսանկարնեն ու տեսանյութերը»։

«Սպանվածներին տեղափոխում ենք տասնհինգ օրը մեկ, բերում ենք խմբով, ոչ թե առանձին-առանձին, դրա համար էլ հարազատներին ասում ենք, որ նախապես ամեն ինչ պատրաստեն հուղարկավորության համար», - ասել է վարձկաններին հավաքագրող, հետո նրանց դիակները բաժանող միջնորդը։ Այդպիսի մի խմբաքանակով, ըստ զեկույցի, հոկտեմբերի սկզբին Ադրբեջանից թուրք-սիրիական սահման է հասել առնվազն 64 դի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG