Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամը, հայտնում է դատախազությունը


Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

«Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն, շարունակել մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի», - ասված է հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության, հոկտեմբերի 29-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում Արցախի ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից Թուրքիայի միջոցով Ադրբեջանտեղափոխված և վերը նկարագրված գործողություններին անմիջականորեն մասնակցություն ունեցած՝ «Աբու Համշեին» խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ հանդիսացող վարձկան, Սիրիայի Համմա քաղաքի բնակիչ, 1975թ. մարտի 5-ին ծնված Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների օգտագործմամբ Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, ագրեսիայի ակտ իրականացնելու, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, հանցավոր հրաման արձակելու, ինչպես նաև միջազգային ահաբեկչություն իրականացնելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի (վարձկանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG