Տարածված տեսանյութում Սիրիայի Իդլիբ նահանգի բնակիչն ասում է, որ իրեն ամսական երկու հազար դոլար են խոստացել Ղարաբաղում կռվելու համար, հանձնարարել են կտրել «անհավատների» գլուխները՝ յուրաքանչյուրի համար խոստանալով ևս հարյուր դոլար։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը», - հայտարարում է պաշտոնական Երևանը։ - «Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս անդրադարձել է վարձկանների և ահաբեկիչների ներգրավմանը՝ շեշտելով, որ դրա ապացույցները կան․ - «Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգության համար, և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»:
Ըստ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, այս հանգամանքը շատ ծանր հետևանքներ պետք է ունենա Թուրքիայի համար, որն ահաբեկիչներին ուղարկում է տարբեր երկրներ․ - «Շատ ծանր։ Ընդ որում՝ միջազգային։ Դրանք սովորական ջիհադիստներ չեն, դրանք ցուցմունք են տալիս, որ իրենք պրոֆեսիոնալ, գլուխ կտրող մարդասպաններ են։ Ընդ որում, նրանք նոր չեն ձևավորվել, նրանք ձևավորվել են դեռ «Իսլամական պետության» շրջանակում, դրանց մի մասը տեղափոխվել է Իդլիբ, և Իդլիբում տնօրինվում են Էրդողանի կողմից։ Եվ Էրդողանը կրում է պատասխանատվություն միջազգային տեռորիզմը աշխարհով մեկ տարածելու համար։ Աշխարհը չի կարող հանդուրժել մարդասպանների տեղաշարժը բոլոր պետություններով։ Իսկ իրենք օր-օրի իրենց շարժվելու հնարավորությունները և մարդ սպանելու հնարավորությունները ստանում են պատվերը կոնկրետ պետության կողմից, ինչպիսին է Թուրքիայի պետությունը»։
Ահաբեկիչների առկայությունը մեկընդմիշտ փոխում է Արցախի խնդրի ընկալումը, կարծում է Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ այլևս Ղարաբաղյան հակամարտությունը միայն նախկին Խորհրդային Միության երկրների հակամարտություն չէ, Հայաստանը հետամուտ է լինելու և միջազգային քննության առարկա է դարձնելու այն, ինչ տեղի ունենում Արցախում․ - «Ես չեմ կարծում, որ սա հետևանք պիտի ունենա։ Ես վստահ եմ, ու ես ամեն ինչ անելու եմ, որ սա հետևանք ունենա։ Որովհետև նախ և առաջ հետևանքը արդեն իսկ կա։ Եթե ձեզ թվում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ սկսած դասախոսին գլխատելուց, վերջացրած Ռուսաստանի տարածքում տարբեր ահաբեկչական գործողություններով, որևէ կապ չունի Արցախող տեղի ունեցածի հետ, չարաչար սխալվում եք։ Ամբողջ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում եվրոպական երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, դա անմիջական հետևանք է այն ամենի, ինչ որ տեղի է ունենում Արցախում»։
Ըստ Ալեն Սիմոնյանի, իրավիճակին առայժմ առավել ադեկվատ են արձագանքում Ռոււսաստանն ու Ֆրանսիան․ - «Կարող եմ ընդամենը երկու երկիր նշել, որոնց արձագանքը քիչ թե շատ ադեկվատ է։ Դա Ռուսաստանի Դաշնությունն է, որի արձագանքը ես համարում եմ տեղին, համարում եմ բավարար, և չկարողանալով և չցանկանալով շատ փակագծեր բացել, կարող եմ ասել, որ Ռուսաստանը այսօր կատարում է և կատարել է իր դաշնակցային պարտավորությունները լիարժեք։ Եվ երկրորդը դա Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն է։ Իսկ մնացած այն հայտարարությունները, որոնք ի սկզբանե մեզ մոտ զայրույթ էին առաջացնում, կհիշեք՝ կողմերին կոչ ենք անում զինադադարի, հավասարության այդ նշանը դնելը․․․ Սա այն հետևանքն է, որը որ այդ կողմերը այսօր տեսնում են։ Ցավով եմ սա ասում, բայց նաև հույս ունենալով, որ սա նույնպես հետևությունների առիթ կհանդիսանա, որովհետև այսօր շարունակվում է այդ ահաբեկչությունը Արցախ ժողովրդի նկատմամբ»։