Մատչելիության հղումներ

Ամերիկացի լրագրողը պնդում է, որ Թուրքիայի կողմից ջիհադիստների տեղափոխման մասին լուրերը շրջանառվում էին դեռ հուլիսից


Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնել
Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնել

Լեռնային Ղարաբաղ սիրիացի վարձկանների տեղափոխման մասին առաջիններից մեկը բարձրաձայնած ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի խոսքով՝ Թուրքիայի կողմից ջիհադիստների տեղափոխման մասին լուրերը շրջանառվում էին արդեն հուլիսից։

Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 22-ին, Սնելն իր թվիթերյան էջում հրապարակել էր մի խումբ տղամարդկանց լուսանկար՝ նշելով, որ նրանք ենթադրաբար թուրքամետ «Համզա» ջիհադիստական խմբի անդամներ են, ովքեր Անկարայով այդ օրը ժամանել են Բաքու։

Արցախից երեկ վերադարձած հետաքննող լրագրողն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ջիհադիստական երեք տարբեր խմբավորումների անդամներ իրեն հաղորդել էին Ադրբեջան տեղափոխվելու մասին, ինչից կարելի էր կռահել, որ հարձակում է սպասվում․ - «Իմ կարծիքով, լրիվ պարզ չէր, որ կլինի լուրջ հարձակում, սակայն դժվար չէր կռահել, որ այն ծրագրվում է և մի պահ կլինի։ Նույն կերպ էր Լիբիայի պարագայում, որովհետև սիրիացիներին Լիբիա էին ուղարկել լուրջ հարձակում սկսելուց մեկ ամիս առաջ։ Եթե սիրիացիները մի տեղ գնում են, եթե Թուրքիան վարձկաններին մի տեղ ուղարկում է, դա հարձակման համար է»։

Տարիներ շարունակ սիրիական պատերազմը լուսաբանած Սնելը 2016-ին գերեվարվել է «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից, հետո հաջողացրել է փախուստի դիմել և հատելով թուրք-սիրիական սահմանը շուրջ 2 ամիս անցկացրել թուրքական բանտում։ Այժմ որպես անկախ հետաքննող լրագրող հանդես եկող Սնելը նշում է, որ իր տեղեկություններով, այս պահին Ադրբեջանի կողմից Արցախում կռվում է շուրջ 1500 վարձկան և մոտ 200 էլ արդեն սպանվել են․ - «Կարծում եմ, որ մի պահ կային մոտ 2 հազարը, և ես գիտեմ, որ ևս 2 հազար հոգանոց լրացուցիչ խումբ էր հավաքվում այնտեղ մեկնելու համար։ Սակայն մինչև այժմ ես չեմ լսել, որ նոր հավաքագրվող խմբից որևէ մեկը իրականում տեղակայված լինի Ադրբեջանում։ Գիտեմ, որ ոմանք մեկնել են Թուրքիա, որտեղ որոշ ժամանակ պետք է անցկացնեին մինչև Ադրբեջան մեկնելը: Իսկ մոտ 700-ը Ղարաբաղից վերադարձել են Սիրիա, այնպես որ ես կարծում եմ, որ այժմ մոտ 1500-ն են։ Կա ավելի քան 100 զոհ, հավանաբար այս պահին մոտ 200-ը»:

Լրագրողի տեղեկություններով, իսլամի սունիական ուղղությունը դավանող ահաբեկիչների համար Ադրբեջանի շիա մուսուլման լինելը, կամ որևէ այլ գործոն խոչընդոտ չէ, քանի որ ջիհադիստների միակ հետաքրքրությունը փողն է։

Սնելը նաև նշում է, որ գրոհայիններն Արցախում կռվում են իրենց համար ոչ սովորական ինտենսիվ ռազմական գործողությունների պայմաններում, հատկապես շատ է խոսվում հայ դիպուկահարների կողմից սպանված բազմաթիվ ահաբեկիչների մասին։

Այդուհանդերձ, Սնելի խոսքով, Սիրիայում դեռ շատերն են պատրաստ հանուն փողի կռվել Ղարաբաղում․ - «Համզա» ստորաբաժանման անդամներից մեկը, ով վերադարձել է Սիրիա, ասաց, որ իրենց չի մտահոգում, թե քանիսը մահացած հետ կբերվեն, քանի որ հենց վաղը 1000 հոգի պատրաստ է մեկնել կռվելու։ Այս մարդիկ պարզապես փողի կարիք ունեն և հանուն դրա պատրաստ են անել այն, ինչ կարող են: Այնպես որ, կարծում եմ, որ դեռ գրոհայինների կայուն առաջարկ կա»:

Լրագրողի խոսքով, ահաբեկիչները ոչ միայն մինչև օրս չգիտեն, թե քարտեզի վրա որտեղ է Արցախը, այլ նույնիսկ «Ադրբեջան» անունն են դժվարությամբ արտաբերում։

Սնելը նաև նշեց վարձկանների վարձատրության հնարավոր չափերը․ - ««Համզա» ստորաբաժանման բոլոր անդամներն ասում են, որ իրենք երբեք հաստատված աշխատավարձ չեն ստացել: Լուրեր էին պտտվում, որ այն 1500 դոլարի մոտ է, 1200-ից 2000-ի մոտակայքում։ Բայց Լիբիայում էլ նրանց խոստացել էին 2000 դոլար, սակայն ոչ ոք ամսական 400 դոլարից ավելին երբևէ չի տեսել: Նրանցից ոմանք նույնիսկ դա էլ չեն ստացել: Եվ իհարկե, Ադրբեջանից վերադարձածներին, որոնցից արդեն շուրջ 700 կան, ընդհանրապես ոչ մի բան չեն վճարվել: Այնպես որ, դա անորոշ է: Կարծում եմ, որ նրանց, հավանաբար, ավելի քան 1000 դոլար են խոստացել, և նրանք, հավանաբար, դրա մի փոքր մասն են ստանում, որովհետեւ Լիբիայում հենց այդպես է եղել»:

Ինչու՞ է Թուրքիան բազմաթիվ երկրների առաջնորդների դատապարտող հայտարարություններից հետո էլ շարունակում օգտագործել սիրիացի վարձկաններին․ այս հարցին ի պատասխան Սնելը նշում է, որ Թուրքիան ունի Լիբիայի դրական փորձը, երբ միջազգային հանրությունը որևէ գործնական քայլ չի ձեռնարկել։ Լրագրողը նաև ընդգծում է, որ մարտի դաշտում վարձկանները որոշիչ դերակատարում չունեն և պարզապես որպես կենդանի վահան են օգտագործվում․ - «Թուրքիան կարողացավ ավելի քան 15 հազար գրոհային ուղարկել Լիբիա և չհանդիպեց ոչ մի արձագանքի, նույնիսկ որևէ էական քննադատության միջազգային հանրության կողմից: Նման պարագայում ինչո՞ւ պիտի այստեղ չուղարկեր: Նա պատրաստել է այդ ուժը, որպեսզի օգտագործի որպես կենդանի վահան Ադրբեջանի համար, որպեսզի ադրբեջանցիները չզոհվեն: Այդ պատճառով էլ ջիհադիստները զոհվում են այդքան մեծ քանակությամբ, դիպուկահարները պարզապես նրանց ոչնչացնում են: Նրանք սովոր են պատերազմի, պատերազմել են գրեթե մեկ տասնամյակ շարունակ, բայց ռազմական առումով իրենցից ոչ մի առանձնահատուկ բան չեն ներկայացնում: Նրանք կարող են կենդանի վահան լինել հետևակի համար և օգնել զինուժին առաջ շարժվել՝ հիմնականում պարզապես կանգնելով և զոհվելով»:

Սնելի խոսքով՝ պատերազմից հետո վարձկանների մեծ մասը հավանաբար կցանկանա տուն վերադառնալ, բայց տարածաշրջանում մնալու վտանգը ևս առկա է։ Որոշ ջիհադիստներ, օրինակ, Լիբիայից անցել են Իտալիա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG