Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության գոտի սիրիացի վարձկաններ տեղափոխելու ապացույցներ ունեն նաև ռուս փորձագետները


Ռազմական գործողությունների հետաքննությամբ զբաղվող ռուս փորձագետները ևս պնդում են, որ ապացույցներ ունեն ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանների մասին։

Ուսումնասիրելով սոցիալական ցանցերում ու բաց աղբյուրներում հրապարակված տվյալները՝ Conflict Intelligence Team-ն այսօր հատուկ զեկույց է հրապարակել՝ «Սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում․ ովքեր են, ինչ գործ ունեն և որտեղ են նկատվել» վերտառությամբ։

Փորձագետները փաստում են, որ պաշտոնական Բաքուն հերքում է սիրիացի զինյալների մասնակցությունը ռազմական գործողություններին․ այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահի հարցազրույցը France 24-ին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը սեփական երկրի խորհրդարանում։ Մինչդեռ տասնյակ արևմտյան լրատվամիջոցներ հակառակն են պնդում՝ հղում անելով հենց սիրիացի զրուցակիցներին ու աղբյուրներին, նույնը հաստատում են նաև բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում անձամբ Ֆրանսիայի նախագահը», - գրել է հետաքննող խումբը։

Բացի այդ, հակամարտության ընթացքում համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութեր, որոնք տարածել են ենթադրաբար հենց իրենք՝ վարձկանները։ Այդ տեսանյութերում լսվում է արաբերեն խոսք, թեև նրանք կրում են Ադրբեջանի սահմանային պետական ծառայության հանդերձանք և ցամաքային զորքերի զրահաբաճկոն։

«Համացանցի օգտատերերին հաջողվել է նաև տեղորոշել այդ տեսանյութերը և հաստատել, որ դրանք իսկապես նկարահանվել են Ադրբեջանի վերահսկողության տալ գտնվող տարածքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք գրավվել են ադրբեջանական ուժերի կողմից։ Մասնավորապես, սիրիացիները ներկայությունը արձանագրվել է ճակատի հարավում, որտեղ վերջին օրերին թեժ մարտեր էին Հադրութի համար», - փաստում են Conflict Intelligence Team-ի փորձագետները։

«Այսպիսով, բաց աղբյուրներից ստացված տվյալները հերքում են Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների պնդումները, թե սիրիացի վարձկաններն այս հակամրտությանը չեն մասնակցում»,- ընդգծում է զեկույցը։

Հետազոտությունը միաժամանակ փաստում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված զինյալների գերակշիռ մեծամասնությունը եկել է Սիրիայի հյուսիսից՝ թուրք զինվորականների վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Մեջբերելով այս մասին արևմտյան մամուլում հրապարկված հոդվածները՝ ռուս փորձագետները նկատում են, որ Սիրիայում ինը տարի շարունակվող հակամարտության ընթացքում ավելացել է երիտասարդ տղամարդկանց թիվը, ովքեր պատերազմում կռվելուց բացի, այլ հմտությունների չեն տիրապետում, և նույնիսկ դժվարությամբ են գրում կամ կարդում։ Մյուս կողմից, մոտ մեկ տասնամյակ շարունակվող ներքաղաքական պատերազմը կաթվածահար է արել երկրի տնտեսությունը, այդ իսկ պատճառով Լիբիա կամ Ադրբեջան մեկնելու և փող աշխատելու հնարավորությունը շատերին է գայթակղում։

Այս մասին հաղորդումներ կան տասնյակ լրատվամիջոցներում, այդ թվում ռուսաստանյան «Կոմերսանտ»-ում, BBC-ում, Reuters-ում, CNN-ում, ֆրանսիական պարբերականներում։ Ընդ որում, հատկանշանակն է, որ բոլոր աղբյուրներում վարձատրության մոտավորապես նույն չափն է նշվում՝ ամսական 1500- 2000 դոլար։ Իսկ ամերիկյան Foreign Policy-ի աղբյուրները պատմել էին, որ զոհերի հարազատներին լռության դիմաց խոստացվել է մոտ 7000 դոլար հավելավճար։

«Վարձկաններից շատերն են պատմել, որ հավաքագրելիս իրենց մոլորեցրել են, ասել են, թե տանում են ենթակառուցվածքներ ու որոշ կարևոր օբյեկտներ պաշտպանելու, մինչդեռ Ադրբեջան հասցնելուն պես, հաջորդ օրն իսկ ուղարկել են առաջնագիծ և օգտագործել ամենաթեժ մարտերում», - փաստումէ ռուսական խմբի զեկույցը՝ հավելելով․ - «Այս հաղորդումների, ինչպես նաև այլ փաստերի համադրության արդյունքում կարելի է վստահորեն պնդել, որ ներկայիս պատերազմը ոչ թե պատահական սրացման արդյունք է, այլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախապես պատրաստված գործողություն»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG