Մատչելիության հղումներ

Արցախից երեխաների հետ Մարալիկ եկած Լիլիթ Ասլանյանը վստահ է՝ շուտով կվերադառնան տուն


35-ամյա Լիլիթ Ասլանյանը 10 տարի առաջ Երևանից Ղարաբաղի Քաշաթաղի շրջան հարս է գնացել: Չորս երեխաների հետ արդեն երկու շաբաթից ավելի է` Մարալիկում է։ Երիտասարդ կնոջ միակ երազանքն այժմ խաղաղության շուտափույթ հաստատումն է, որ օր առաջ իր տուն վերադառնա։

«Ինձ թվում է` մինչև ամսվա վերջ երևի կգնանք մեր տները», - ասում է նա:

Երբ սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները վերսկսվեցին, Լիլիթի ընտանիքում էլ շատերի նման կարծում էին, թե սա հրադադարի հերթական կարճատև խախտումն է, բայց երեք օր անց հասկացան, որ Ղարաբաղում լայնածավալ պատերազմ է ընթանում. - «Էսպես երբեք չի եղել, որ մենք մեր տնից անգամ դուրս գանք: Մենք 2 օր մնացել ենք դպրոցի ապաստարանում ճիշտն ասած, մինչև որ հասել ենք Երևան, նոր երրորդ օրն ասացին, որ անպայման պիտի կին, երեխաներին հանեն, գիշերով ուղևորվել ենք Երևան, Երևանից էլ այստեղ: Ապրիլյանը շատ թեթև էր, գիտեինք` էս էլ ա էտ տիպի, 3 օր մնացինք, ասինքն` դե հեսա, կվերջանա, նորմալ ա, բայց որ ստացանք, որ պիտի դուրս գանք, արդեն հասկացանք, որ ոչ մի բանն էլ նորմալ չի»:

Առաջնագծում ամուսինն է, հարազատները: Ասում է` չի փոշմանել, որ հենց Քաշաթաղ է հարս գնացել: Հերթով ծանոթացրեց 4 երեխաներին. - «Սուրենը, Եվան, Մարիան, պուճուրն էլ քնած է` Արփին: Սուրենը 7 տարեկան է, Եվան` 4, Մարիան` 6, պուճուրն էլ` մեկուկես տարեկան: Վախեցել էին մի քիչ դեմի 2 օրը, ամեն ինքնաթիռ անցնելուց կամ վերտալյոտ` մամա կխփեն հեսա, մամա կխփեն, մամա խփին, դե հիմա արդեն սովորել են: Գիտեն, որ այստեղ ապահով է, բայց իրենց մեջ արդեն տպավորվել է, որ կռիվ է, պատերազմ է, հեսա կարող ա խփեն»:

7-ամյա Սուրենն արդեն ընկերներ ունի Մարալիկում: Դրսում խաղում է նրանց հետ: Այնքան է մտերմացել, որ նույնիսկ ուզում է Մարալիկում մնալ. - «Մեր գյուղում էլ ընկերներ ունեի»: 6-ամյա քույրը՝ Մարին անմիջապես նախատեց եղբորը, թե գնալու ենք՝ տանը կարոտել ենք, կարոտել են նաև հարազատներին. - «Էնտեղ է լավը»:

Երեխաները դեռ դպրոց չեն գնում, սպասում են, որ պատերազմը կավարտվի, ու հետ կգնան: Հիմա փոքրերի հիմնական զբաղմունքը դրսում խաղալն է:

XS
SM
MD
LG