Մատչելիության հղումներ

Կարմիր Շուկայի բնակիչները մանրամասներ են պատմում հրթիռակոծությունից, որի հետևանքով բնակիչ է զոհվել


Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը երեկ ակտիվ հրթիռակոծության թիրախում էր: Այստեղ քաղաքացիական բնակչության շրջանում զոհ կա. 50-ամյա տղամարդն իր տնից ապաստարան ուղևորվելիս մեքենայի վրա կասետային հրթիռի հարված է ստացել և տեղում մահացել:

«50 տարեկան խաղաղ բնակիչ, գյուղի մեջը հենա կասետնին պայթեց, հենց այստեղ, տեղը կարամ ցույց տամ: Տունը վերևն է, գյուղի մեջ է {եղել}, ապաստարան գնալուց: Փորձել է ճանապարհվի, ցույց կտամ` որտեղ է ընկել` ավտոյի մեջտեղը», - պատմում է տղամարդու համագյուղացիներից Հրայր Հարությունյանը:

Հարևանն ասում է. - «Ժամը 7-ին, ուղիղ 7-ին, ու ամեն օր էտ ժամին խփում են, նույն կասետնիով, որ չթույլատրված զենք է...խաղաղ բնակչությանը»:

Մյուս համագյուղացին` Գարիկ Պողոսյանը նշում է` բնակավայրը չեն լքում. - «Ոչ մի տեղ էլ չենք գնացել, մեր 3 տղաներն էլ են կռվում, ոչ մի տեղ էլ չենք գնացել: Դե ի՞նչ անենք, ո՞ւր գնանք, պիտի դիմանանք: Էս գիշեր ուժեղ է եղել, սամալյոտ էլ է եղել, մենք էլ էստեղ ենք եղել, հետո սկսել են պուշկով խփելը, էլի ոչ մի տեղ չենք գնացել: 70 տարեկան մարդ եմ, ի՞նչ անեմ: Ես էլ եմ ուզում գնամ {առաջնագիծ}, չեն տանում: Ուզում եմ սրտանց, ոչ մեկից էլ չեմ վախում: 3 տղաս էլ էնտեղ են, հորեղբորս տղերքն էլ էնտեղ են, հույս ունեմ, որ պիտի մենք հաղթենք: 90 թվից էստեղ ենք եղել, առաջին կռվում եղել եմ, բայց հիմա մեծ մարդ եմ, չեն տարել»:

Նշենք նաև, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն այսօր հերքել է իր առնչությունն այս դեպքին:

XS
SM
MD
LG