Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում ցույցի մասնակից․ Եթե մեր պայմանները չկատարվեն, նորից վերսկսելու ենք մեր ցույցերը


Ամերիկահայերի ցույցը CNN-ի գրասենյակի մոտ
Ամերիկահայերի ցույցը CNN-ի գրասենյակի մոտ

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները պետք է գրեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան են հարձակվել Արցախի վրա․ երեկվանից այսպիսի կոչերով Լոս Անջելեսի հայերի կազմակերպած բազմամարդ բողոքի ակցիան այսօր ավարտվեց։

Ակցիայի կազմակերպիչները հարթակից հայտարարեցին, որ իրենց պահանջներից մեկը կատարվել է․ CNN-ը երեկ անդրադարձել է պատերազմին և մեջբերել է Արցախի նախագահի հայտարարությունը, որ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտներն այսուհետ Պաշտպանության բանակի թիրախներն են, և որ կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները հնարավոր կորուստներից խուսափելու համար։

CNN-ը նաև հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է չդադարեցնել կրակը։

Ցույցի կազմակերպիչները հարթակից հայտարարել են նաև, որ CNN-ը իրենց ներկայացուցիչներից մեկին կհրավիրի հաղորդման։

Ցույցի մասնակիցներից Մարիամ Հովհաննիսյանը «Ազատությանը» պատմեց, որ CNN հեռուստաընկերության առջև շուրջ երկու օր ցույցի դուրս եկած հայերն այսօր գնացել են տուն՝ համարելով, որ իրենց ձայնը լսելի է դարձել, բայց ամեն պահի պատրաստ են վերադառնալ․ - «Իսկ երկրորդ լավ լուրը եղավ այն, որ վաղը առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրվելու, որի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան այս հակամարտության հարցը։ Մենք պայման ենք ներկայացրել, որ եթե վաղը այդ ասուլիսը տեղի չունենա, կամ եթե այդ ասուլիսը մեզ չգոհացնի, մենք նորից վերսկսելու ենք մեր ցույցերը և չենք կանգնելու»։

Երեկվանից ամերիկաբնակ հայերը Նահանգների տարբեր քաղաքներում ցույցեր էին կազմակերպել՝ փակելով ճանապարհներ։ Հոլիվուդում ցույցի մասնակիցներից Աշխեն Փալաջյանն «Ազատությանը» պատմեց, որ հայերը շատ ռիսկային քայլի են դիմել՝ շուրջ մեկ ժամ փակ պահելով Հոլիվուդի գլխավոր փողոցներից մեկը։ Եթե ամերիկյան լրատվամիջոցներն ու հենց CNN-ը բազմակողմանիորեն լուսաբանեին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, ապա իրենք ստիպված չէին լինի տեղացիներին բացատրել, թե ինչն է իրենց ստիպել կաթվածահար անել 85 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքի երթևեկությունը․ - «Երեկ, երբ որ ֆրիվեյը փակել էին երիտասարդները, FOX-ի ուղիղ եթերով որ նայում ենք մենք, էնտեղ օտարերկրացիները, որոնք էդ պահին հենց խցանման մեջ էին, գրում էին՝ ի՞նչ ա պատահել, ի՞նչն ա խնդիրը, ի՞նչ են ուզում հայերը․․․ Այսինքն՝ փաստացիորեն էստեղ ապրող մարդիկ նույնիսկ տեղյակ չէին։ Բայց եթե CNN-ը մի հատ էդպիսի ռեպորտաժ թողարկեր, ապա բոլորն էլ կիմանային, որ Արցախում պատերազմ է»։

«Լոս Անջելեսը հպարտ է հայկական սփյուռքի ամենամեծ տունը լինելու համար», - ժամեր առաջ Թվիթերի իր էջում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին՝ հավելելով․ - «Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Կոչ եմ անում Վաշինգտոնում մեր առաջնորդներին վարել հետևողական և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղության հաստատման համար։ Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից»։

XS
SM
MD
LG