Մատչելիության հղումներ

Իրանին մտահոգում է պատերազմը իր հարևանությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, 27-ը փետրվարի, 2019թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, 27-ը փետրվարի, 2019թ.

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների և Ավստրիայի պաշտոնակիցների հետ ու մի շարք հարցերի թվում քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները:

Իրանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Վեցերորդ օրը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, որոնց մի մասը տեղի են ունենում Իրանի հետ անմիջական սահմանին, վնասներ են հասցվել նաև իրանական սահմանամերձ բնակավայրերին։ Նախօրեին, մասնավորապես, ադրբեջանական խոցված ուղղաթիռներից մեկն ընկել է Իրանի հարավում գտնվող գյուղերից մեկը, ինչի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։ Այս մասին հայտնել են իրանական աղբյուրները։

Պաշտոնական Ստեփանակերտը շտապել է հայտարարել, որ տեղի ունեցած միջադեպը որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ մարտական գործողություններն ընթանում են Իրանի սահմանին շատ մոտ, նման դեպքերն անխուսափելի են:

Իրանը, հիշեցնենք, տարածաշրջանում միակ պետությունն է, որը սահմանակցում է հակամարտող բոլոր կողմերի հետ՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի:

Անցած կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը հանդես եկավ հակամարտող հարևան երկրներին ուղղված ավանդական կոչերով՝ կրակը դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին։ Իրանի իշխանությունները հայտարարությունները կոշտացրին, երբ մի շարք երկրներ պնդեցին, թե փաստեր ունեն առ այն, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան՝ աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում: Սիրիայում Իրանը պայքար էր մղում հենց այդ խմբավորումների դեմ, որոնք Թուրքիայի աջակցությամբ պատերազմում էին Թեհրանի դաշնակից Բաշար Ասադի ռեժիմի դեմ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկու օր առաջ հայտարարեց, թե իր երկիրը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումներն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: «Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան ղարաբաղյան հակամարտությունը», - հայտարարել է Իրանի պաշտոնյան, սակայն՝ առանց Թուրքիայի անունը հիշատակելու:

Իրանից այս հայտարարությունը հնչել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո: Հայկական կողի փոխանցմամբ՝ Ռոհանին մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով: Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են նաև, որ այդ զրույցի ընթացքում Փաշինյանն զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Վարչապետ Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել:

Իրանի վարչակազմի մեկ այլ բարձրաստիճա պաշտոնյա՝ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարը, նույն րոպեներին շտապել է հերքել լրատվամիջոցներում շրջանակռվող լուրերը, թե Իրանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն է ուղարկվել: Մահմուդ Վաեզին անհիմն խոսակցություններ է որակել պնդումները, որոնց համաձայն՝ Իրանի տարածքով ռազմական օգնություն է Երևան հասել: Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ այդ խոսակցությունների տարածման նպատակը Թեհրանի և Բաքվի հարաբերությունների միջև սեպ խրելն է, որի հեղինակներն արդյունքի չեն հասնի: Վաեզին կրկնել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը, թե պատրաստ է միջազգային իրավունքի և օրենքների ու կանոնակարգերի շրջանակներում աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանը՝ երկխոսության միջոցով:

Հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելու պաշտոնական Թեհրանի փորձերը, սակայն, երկրի բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնքում կրքեր են բորբոքել։ Էթնիկ ադրբեջանցիները ավելի քան 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանի մեկ երրորդն են կազմում ` շուրջ 30 միլիոն։ Հենց Իրանում է բնակվում ավելի շատ էթնիկ ադրբեջանցի, քան աշխարհի որևէ այլ երկրում։ Անցած օրերին ադրբեջանցիներով բնակեցված Իրանի խոշորագույն քաղաքներում՝ Արդաբիլում, Թավրիզում, Ուրմիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ի աջակցություն Բաքվի։ Ցուցարարները նաև Իրանի իշխանություններից պահանջել են փակել Հայաստանի հետ Նորդուզ անցակետը՝ նրանք պնդում էին, որ հենց այդ անցակետով է Հայաստան հասել սպառազինության նոր խմբաքանակը ։ Համացանցում հայտնված տեսանյութերի համաձայն՝ Իրանի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտ է կիրառել ցույցը ցրելու համար: Հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի ցուցարարների ձերբակալության մասին, մի քանիսը վնասվածքներ են ստացել:

XS
SM
MD
LG