Մատչելիության հղումներ

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան, փաստում են Reuters-ը, The Guardian-ը և Times-ը


Սիրիա - Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակ» խմբավորման գրոհայինները պատրաստվում են մեկնել Թուրքիա՝ կռվելու քրդերի դեմ, հոկտեմբեր, 2019թ.
Սիրիա - Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակ» խմբավորման գրոհայինները պատրաստվում են մեկնել Թուրքիա՝ կռվելու քրդերի դեմ, հոկտեմբեր, 2019թ.

«Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», - գրում է The Guardian-ը:

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին հեղինակավոր գործակալությանն ասել են հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները:

Reuters-ին մասնավորապես հաջողվել է խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի: «Ես չէի ուզում, բայց գումարի կարիք ունեմ», - ասել է վարձկաններից մեկը, խոստովանելով, որ իրեն խոստացել են ամսական 1500 դոլար, ինչը հսկայական գումար է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Սիրիայի համար: Ադրբեջան ուղևորվող գրոհայինը նաև պատմել է` հանձնարարությունը ստացել է Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակից»:

Զինյալները պատմել են, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել, մեկն ասել է, թե ըստ իր տեղեկությունների՝ մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն ասել է` 700-1000:

Ընդ որում, Reuters-ը նրանց հետ զրուցել է անցած շաբաթ, երբ Ղարաբաղում մարտերը դեռ չէին սկսվել: Վարձկանները նաև մեկ այլ ուշագրավ տեղեկություն են հայտնել` ասել են, թե իրենց Ադրբեջան են ուղարկելու մինչև սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ բուն բախումների մեկնարկից երկու օր առաջ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «լիակատար անհեթեթություն» է որակել սիրիացի վարձկաններին ներգրավելու մասին հարցը: «Մեր զինված ուժերը պետք եղածից ավելի զինվոր ու պահեստազոր ունեն», - պնդել է նա:

Ադրբեջանը դեռ նոր էր տարածել հերքումը, երբ նույն թեմայով հոդված հրապարակեց արևմտյան մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց` բրիտանական The Guardian-ը: Հոդվածի հեղինակը պարբերականի ստամբուլյան թղթակիցն է, ով տեղեկությունները ստացել է առաջին ձեռքից` սիրացի երեք գրոհայիններից, ովքեր խոստովանել են, որ պայմանագիր են ստորագրել թուրքական մի մասնավոր ընկերության հետ` Ադրբեջանում որպես սահմանապահ աշխատելու համար:

The Guardian-ը զրուցել է երկու եղբայրների հետ, ովքեր խնդրել են իրենց իրական անունները չհրապարակել, բայց պատմել են` Ադրբեջան մեկնելու առաջարկը ստացել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Մուրադ» դիվիզիայի մի հրամանատարից, ընդ որում՝ իրենց շրջապատում զինյալների հավաքագրումը սկսել է դեռ մեկ ամիս առաջ: «Մեր առաջնորդն ասաց` դուք կռիվներին չեք մասնակցելու, միայն աջակցելու եք պահպանությանը որոշ տարածքներում», - ասել է եղբայրներից մեկը, ում խոսքով, իրենց ամսական 7-10 հազար թուրքական լիրա` 700-1000 դոլար աշխատավարձ են խոստացել՝ նավթի և գազի ենթակառուցվածքների պահպանության համար:

The Guardian-ն իր հերթին ընդգծում է` այդ խոստումները ոչ միշտ են պահվում. - «Ինչպես և Ադրբեջանի դեպքում, Լիբիա մեկնող սիրիացի զինյալներից շատերին ևս սկզբում ասվել էր, թե միայն թիկնապահ են աշխատելու, տեղ հասնելուն պես, սակայն, նրանք հայտնվել էին առաջնագծում»:

Պարբերականը զրուցել է նաև Թուրքիայի հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» ներկայացուցիչների, ինչպես նաև սիրիացի իրավապաշտպանների հետ, երկու աղբյուրներն էլ նշել են, թե զինյալների առաջին` 500-հոգանոց խումբը արդեն իսկ հասել է Ադրբեջան, բացի այդ, Բաքու են մեկնել նաև երկու բարձրաստիճան հրամանատարներ` «Սուլթան Մուրադ» դիվիզիայի առաջնորդ Ֆահիմ Էիսսան և «Ալ Համզա»-ի առաջնորդ Սայիֆ Աբու Բաքիրը:

«Այս հաղորդումների իսկությունը հաստատել չի հաջողվել», - գրում է The Guardian-ը, հավելելով` լուրերն ամրապնդվում են սոցցանցերում տարածված, որոշ չճշտված տեսանյութերով, որտեղ երևում է` ինչպես են սիրիացի զինված գրոհայինները բեռնատարով ճամփորդում Ադրբեջանի ճանապարհներով` ռազմական երգերի հնչյունների տակ:

Սիրիացի ապստամբների առաջնորդներից մեկը` Մուստաֆա Սեջարին, արևմտյան մամուլի տեղեկությունները չի հաստատել, բայց չի էլ հերքել: Ավելին, վերջինս բացահայտ փաստել է, որ Թուրքիան հույսի վերջին նշույլն է մնացել Սիրիայի նախագահի դեմ պայքարող գրոհայինների համար, քանի որ Ասադը երկրի գերակշիռ մասն արդեն իր վերահսկողության տակ է առել` Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ:

Ավելի վաղ հեղինակավոր մեկ այլ պարբերական` բրիտանական Times-ն էր նույն թեմայով հոդված հրապարակել: Բեյրութի թղթակցին հաջողվել էր գտնել սիրիացի մի զինվորականի, ով ինքն էլ նախապես համաձայնել, հետո հրաժարվել էր Ադրբեջան մեկնելու մտադրությունից:

«Միտքս փոխեցի, քանի որ մենք տասը տարի Սիրիայում շիաների դեմ էինք կռվում, իսկ հիմա պետք է աջակցենք հիմնականում շիա Ադրբեջանին», ֊ ասել է Times-ի զրուցակից Մոհամադ Մահմուդ ալ֊Սոուրանը:

Վերջինս նշել է, որ իր զինակից ընկերներից շատերը` մոտ 150-200֊ը, այդուամենայնիվ, համաձայնել են: «Ես որևէ մեկին չեմ մեղադրում, այս տարածքում մարդիկ սովահար են, և շատ երիտասարդների ու հայրեր հուսահատ են գնում դրան», - ասել է նա՝ հավելելով. - «Ուզում եմ, որ Թուրքիան վերջ տա մեր աղքատությունից օգտվելուն, և խնդրում եմ Սիրիայի առաջնորդներին հետևել` ինչ է կատարվում: Սիրիացի տղամարդիկ շահագործվում են, մեր ժողովուրդը խաղաղություն է փնտրում, ոչ թե պատերազմ»:

Times-ի զրուցակցի խոսքով՝ Ադրբեջան մեկնած սիրիացի զինյալների հետ որևէ կապ չկա, քանի որ նրանց թույլ չի տրվել իրենց մոտ պահել բջջային հեռախոսները:

Պաշտոնական Անկարան, հետևելով Բաքվի օրինակին, կտրականապես հերքել է այս մասին հաղորդումները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը The Guardian-ին ասել է. - «Մենք ադրբեջանական բանակին օգնում ենք միայն խորհրդատվությամբ և վերապատրաստմամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում զինվորականների հավաքագրմամբ կամ տեղափոխմամբ աշխարհի որևէ անկյուն»:

Reuters-ը, մինչդեռ, փաստում է` Թուրքիան առաջին անգամը չէ իր նպատակներին հասնելու համար սիրիացի զինյալների ներգրավում: Ամիսներ առաջ Անկարան նրանց Լիբիա էր գործուղել, որպեսզի օգնի տեղի կառավարությանը ռուսների աջակցությունը վայելող գեներալ Հաֆթարի դեմ պայքարում:

«Սիրիացի զինյալներին հիմա էլ Ադրբեջանում տեղակայելու ծրագիրը ցույց է տալիս, թե որքան մեծ է իր սահմաններից դուրս ազդեցությունը սփռելու Անկարայի ախորժակը», - փաստում է The Guardian-ը, միաժամանակ նկատելով. - «Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG