Մատչելիության հղումներ

«Դոյչե Վելլե»․ Ադրբեջանի իշխանությունը թերևս առավել շահագրգռված է ողջ իրավիճակի թեժացմամբ


«Տասնամյակներով սառեցված արյունալի հակամարտությունը նոր թափ է ստացել», «Հայաստանը մեղադրում է Թուրքիային`ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար», «Կողմերը միջնորդության կարիք ունեն». այսպես են միջազգային առաջատար պարբերականներն անդրադարձել Ղարաբաղում երեկվանից շարունակվող թեժ մարտերին:

Բրիտանական «Գարդիանը փաստել է. – «Հեռավոր Կովկասում սկիզբ առած պատերազմը մտահոգության առիթ է ոչ միայն այդ տարածաշրջանի, այլև Արևմուտքի համար, քանի որ այդ տարածքով են անցնում Կասպից ծովից նավթն ու գազը միջազգային շուկա հասցնող խողովակաշարերը: Բացի այդ, այս միջանցքում նաև աշխարհքաղաական շահեր են հատվում: Թուրքիան մշակութային ու տնտեսական ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և սպառնում է կանգնել նրա կողքին ցանկացած խնդրի դեպքում: Ռուսաստանը, որ տարածաշևանի մյուս խոշոր խաղացողն է, ավանդական սերտ կապեր ունի Հայաստանի հետ»:

«Ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում», - «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պնդելով, թե «Անկարան մասնակցում է թե՛ ռազմական ուժով, թե ավիացիայով»: - «Ադրբեջանը լարվածության թուլացման որևէ նշան ցույց չի տալիս, ինչը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար: Բայց մենք պատրաստ ենք ցանկացար սցենարի»:

Գերմանական «Դոյչե Վելլեն» իր հերթին փաստում է, որ լայնածավալ այս բախումն անակնկալ չէր, երկու կողմն էլ նախապատրաստվում էին դրան անցած մի քանի ամիսների ընթացքում: «Ադրբեջանի իշխանությունը թերևս առավել շահագրգռված է ողջ իրավիժակի թեժացմամբ` իր դաշնակից Թուրքիայի` ավելի ակնառու դարձած աջակցության պատճառով», - նշում է վերլուծաբան Սիլվիա Ստյոբերը` հավելելով. – «Մյուս կողմից, հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանին մատակարարված ռուսական զենք-զինամթերքը, կարելի է ասել, որ այս հակամարտությունը կարծես է'լ ավելի է խորանալու»:

«Եվրազիանեթի» մեկնաբանը նկատում է. – «Անցած մոտ երկու շաբաթների ընթացքում մի շարք զարգացումներ հուշում էին, որ Բաքուն հող է նախապատրաստում լայնածավալ հարձակման համար: Նախ, արտառոց մոբիլիզացա հայտարարվեց պահեստազորի զինվորների համար, հետո ստացվեցին տարօրինակ լուրեր, ըստ որոնց կառավարությունը առգրավում է փոքրիկ բեռնատարները (պիկափները)` ռազմական նպատակների իրագործման համար: Զուգահեռ, Ադրբեջանում սկսեցին լայնորեն տարածվել ոչ արժանահավատ աղբյուրներից ստացված կասկածելի տեղեկություններ, թե իբր Հայաստանը գրոհայիններ է բերում Քրդական աշխատավորական կուսակցությունից»:

«Կոմերսանտը» ևս պնդում է, թե Ռուսաստանի պետական ապարատի ներկայացուցիչները դեռ մեկ ու կես շաբաթ առաջ են զգուշացրել ղարաբաղյան հակամարտության հնարավոր սրացման մասին: «Մեր աղբյուրների խոսքով, դրա մասին էին վկայում նախապես ձեռք բերված համաձայնությունների կատարումը, նախ և առաջ հինգ շրջանների վերահսողությունը Բաքվին հանձնելու պայմանավորվածությունը ձգձգելու` հայկական կողմի քայլերը, և Ադրբեջանում աճող ազգայնական տրամադրությունները: Ցավոք, կրակի վրա յուղ էր ավելացնում Թուրքիան, որը վերջին ամիսներին ծայրաստիճան անզուսպ հայտարարություններ էր անում Ադրբեջանի օգտին», - ասել են Ռուսաստանի պետական ապարատի ներկայացուցիչները`անանուն մնալու պայմանով:

«Իրավիճակի հետագա զարգացումը կախված է արտաքին խաղացողներից, որոնք կարող են և՛ նպաստել սրացմանը, և՛ հանդես գալ միջազգային հրշեջ ջոկատի դերում»,֊ - փաստում է «Կոմերսանտը»:

Սոցիալական ցանցերում բազմաթիվ են արձագանքները: Ղարաբաղյան հակամարտությանը քաջատեղյակ փորձագետ Լոուրենս Բրոերսը Թվիթերի իր էջում գրել է. – «Այս պահին դժվար է ճշտել նոր դիրքեր գրավելու մասին Ադրբեջանի պնդումները, բայց չպետք է մոռանալ, որ դրանք կարող են լինել ամայացած տարածքներ, որոնք 1990-ականներից որևէ մեկին չեն պատկանում, և որոնց նկատմամբ վերահսկողությունը կարող է արագորեն փոխվել, ինչը տեղի ունեցավ Թալիշի դեպքում 2016 թվականի ապրիլին: Միջազգային ոլորտում հայտնի «Չաթթամ հաուս» կենտրոնի փորձագետը նշում է. – «Եթե կողմերը հրաժարվեն ամեն կերպ հաջողության հասնելու ծրագրից, այս բախումը կարող ավարտվել մեկ այլ քառօրյա կամ հնգօրյա պատերազմով: Իսկ եթե առաջնորդվեն հակամարտության ընթացքը փոխելու շարժառիթով, ականատես կլինենք տևական մարտերի` արտաքին ուժերի առավել հավանական ներգրավվածությամբ»:

XS
SM
MD
LG