Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնն այսօր հրապարակած համատեղ հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարները նաև ցավակցություն են հայտնել ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ելութ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում` Ազգային մեծ ժողվում և ըստ էության քննադատել Ղարաբաղում կրակը դադարեցնելու միջնորդների ջանքերը։ «Անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում, նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից,- Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը` շարունակելով, - հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները` ԱՄՆ-ն Ռուսաստանը, Ֆրանսիան, մոտավորապես 30 տարի բանակցում են այդ խնդիրը, առաջին հերթին անընդունելի է, որ նրանք հրադարար են փնտրում վերջին բացասական զարգացումերի ֆոնին, որ ջրի երես դուրս եկան այս օրերին, բայց եթե ինչ-որ բան ցանկալի է, ապա լուծում գտնելու համար զավթիչները պետք է հեռանան այս հողերից»։
Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան կանգնած է ադրբեջանցի եղբայրների կողքին` ասելով, թե տևական խաղաղության ճանապարհը հայերի հեռացումն է «գրաված ադրբեջանական» յուրաքանչյուր թիզ հողից, իսկ «Թուրքիային զրպարտելու մշտական փորձերը չեն փրկի Հայաստանի կառավարությանը»։
Եվրոպական երկրները գնալով ավելի կոշտ են արձագանքում Թուրքիայի գործողություններին։ Բրյուսելում այսօր մեկնարկած ԵՄ գագաթնաժողովից առաջ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն ասել է, թե Եվրամիությունը պետք է հստակ արձագանքի Թուրքիայի գործողություններին՝ ընդհուպ պատժամիջոցներ սահմանելը։
Երկօրյա գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված է նաև Ղարաբաղի հարցը։ Ակնկալվում է, որ Եվրամիությունը հակամարտ կողմերին կոչ է անելու անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, Եվրամիության առաջնորդները նաև երրորդ երկրներին կոչ են անելու չմիջամտել իրավիճակին։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ժամանելով Բրյուսել, մինչ գագաթնաժողովի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ստույգ տեղեկություններ կան, որ Սիրիայի ջիհադիստ խմբերի գրոհայինները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ժամանել Թուրքիայից։ Նա ասել է, թե դրանք շատ լուրջ նոր զարգացումներ են, և ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել են փոխանակել իրենց ունեցած ամբողջ ինֆորմացիան և անհրաժեշտ հետևություններ անել։
Մակրոնը նշել է, որ անցած կիրակի բռնկված առճակատումը սկսել է Ադրբեջանը. - «Ես ցանկանում եմ շատ հստակ լինել, կիրակի օրը Ադրբեջանից սկսված հարվածները, որքան մենք գիտենք, արդարացված չէին, և ես այդ մասին ասել եմ նախագահ Ալիևին»։
Այսօր ադրբեջանցիների հրետակոծություններից Ղարաբաղում վիրավորված ֆրանսիացի երկու լրագրողի մասին Մակրոնն ասել է, թե հնարավորինս արվում է, որքան հնարավոր է շուտ նրանց հետ բերել Ֆրանսիա։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցի պահին Մակրոնն ասել է, թե օդանավը սպասում է թռիչքի։