Մատչելիության հղումներ

Արցախի Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով կա 4 զոհ, 11 վիրավոր, որոնցից չորսը՝ լրագրող


24News կայքի օպերատորի մեքենան
24News կայքի օպերատորի մեքենան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացմամբ` այսօր Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորների թվում լրագրողներ կան, նրանցից երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը: Ըստ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները «Գրադ» համակարգով:

Մարտունիում ֆրանսիացի լրագրողներից բացի, վիրավորում են ստացել նաև տեղական «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24NEWS կայքի լրագրող Սևակ Վարդումյանը:

Վերջինս «Ազատությանը» փոխանցեց, որ վիրավորվել է Մարտունու քաղաքապետարանի շենքում, բայց կյանքին վտանգ չի սպառնում. - «Մարտունի քաղաքում լրագրողական պարտականությունները, մասնագիտական գործունեությունը ծավալելու ժամանակ գտնվում էինք այդ պահին Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքի տարածքում: Շատ անակնկալ ձևով ձայներ լսեցինք... հիշում եմ, որ մի սենյակում մի սեղան գտա, թաքնվեցի դրա տակ: Այդ ձայները մի քանի հատ եմ լսել: Հետո շենքից դուրս եկանք, վառվող մեքենա եմ տեսել: Մեզ հետ ուրիշ վիրավոր էլ կար, նրան տեղափոխել ենք Մարտունու ԲԿ, հետո էնտեղից անմիջապես տեղափոխվեց Ստեփանակերտի ԲԿ: Բարեբախտաբար լուրջ վնասվածք չկա»:

Ադրբեջանական ռմբակոծության հետևանքով այսօր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում աշխատող չորս լրագրողներ: Հայաստանի կառավարության Տեղեկատվական միասնական կենտրոնի փոխանցմամբ, վիրավորվածների թվում են են Le Monde-ի 2 լրագրողներ: Նախնական տվյալներով, նրանք Ֆրանսիայի քաղաքացիներ են և արդեն տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց:

Վիրավորում է ստացել նաև տեղական «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև 24News կայքի լրագրող Սևակ Վարդումյանը:

Վերջինս քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ բուժօգնություն է ստանում Ստեփանակերտի հիվանդանոցում, և իր կյանքին վտանգ չի սպառնում. – «Գտնվում էինք այդ պահին Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքի տարածքում: Շատ անակնկալ ձևով ձայներ լսեցինք... հիշում եմ, որ մի սենյակում մի սեղան գտա, թաքնվեցի դրա տակ... Հետո շենքից դուրս եկանք, վառվող մեքենա եմ տեսել: Մեզ հետ ուրիշ վիրավոր էլ կար, նրան տեղափոխել ենք Մարտունու ԲԿ, հետո էնտեղից անմիջապես տեղափոխվեց Ստեփանակերտի ԲԿ: Բարեբախտաբար լուրջ վնասվածք չկա»:

Վարդումյանն ասաց, որ մյուս վիրավորված լրագրողը արտասահմանից էր:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, չնայած ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ անցած գիշերը առաջնագծի ամբողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել, սակայն այսօր առավոտից կրկին մարտերը թեժացել են։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց Պաշտպանության բանակը, հայկական կողմն այսօր արդեն խոցել է հակառակորդի 3 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան. – «Ընդհանուր առմամբ գիշերը թեժ մարտեր չեն եղել, սակայն առավոտյան, լուսաբացից հետո որոշակիորեն թեժացել են մարտերը»:

Ի դեպ, այսօր կեսօրին մոտ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքէջում շուտով լավ լուր են հաղորդելու։ Րոպեներ անց հրավիրած ճեպազարույցում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, լավ լուրը Լելե Թեփեի հատվածում ադրբեջանական ուղղաթիռի խոցմանն է վերաբերում:

Արծրուն Հովհաննիսյան. – «Ամենայն հավանականությամբ խոսքը գնում էր վերջին խոցված ուղղաթիռի մասին: Ուղղաթիռը ընկել է Պարսկաստանի տարածք, ինչի կապակցությամբ Պաշտպանության բանակը ներողություն է խնդրել Իրանի Իսլամական Հանրապետությունից, որ ուղղակի զուտ սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները հաճախ անխուսափելի են դարձնում էդ պրոցեսները»:

«Ազատության» դիտարկմանը, որ երեկվանից համացանցում տարբեր չճշտված տեղեկություններ էին պտտվում մեր կողմից նոր բնակավայրերի և տարածքների գրավման հետ կապված, ու հարցին, թե արդյոք կան այդպիսի տեղեկություններ, Հովհաննիսյանն արձագանքեց. – «Ես ոչինչ չեմ բացառում: Մեր Զինված ուժերը, լիովին մարտունակ լինելով, միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր, և տարօրինակ կլիներ, որ վարեին միայն պաշտպանական մարտեր»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հայկական կողմը ապացույցներ ներկայացնում է միջազգային հանրությանը ադրբեջանական կողմում Սիրիայից և Լիբիայից ժամանած զինյալների մասնակցության մասին ռազմական գործողություններին` Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ապացույցներ կան և ներկայացվում են. – «Եվ դա այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ: Էդ ապացույցները ներկայացված են և ներկայացվում են»:

Այդ զինյալների հստակ թվի մասին հարցին Հովհաննիսյանն արձագանքեց. – «Բնակաբանար, էստեղ մեր ծառայությունները աշխատում են, բայց էս պահին ես չեմ կարող նման բան հրապարակել, թե քանի հազար մարդ է բերվել կամ բերվում, կամ օգտագործվում, կամ իրանցից քանիսն են արդեն զոհվել: Բայց դա ժամանակի խնդիր է, դա բարդ չի ճշտելը:

Նշենք, որ միջազգային հեղինականավոր լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս խնդրին, հարցազրույցներ ներկայացնելով Սիրիայից Ադրբեջան մեկնած զինյալյների հետ։

Հավելենք, որ երեկ ուշ երեկոյան Պաշտպանության բանակը տեղեկացրեց զոհված ևս 23 հայ զինծառայողների մասին: Այսպիսիով, սեպտեմբերի 27-ից սկսած մինչև օրս հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 99 է: Պաշտոնական Բաքուն ռազմական գործողությունների հինգ օրերի ընթացքում որևէ տեղեկություն չի հաղորդել զոհված ադրբեջանցի զինծառայողների թվի մասին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG