Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլը փաստական տվյալներ է հաղորդում Ադրբեջանում սիրիացի զինյալների ներկայության մասին


«Սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել», - պնդում է Լոնդոնում լույս տեսնող Guardian պարբերականը։

«17-ից 30 տարեկան սիրիացիները Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով հավաքագրվել են թուրք զինվորականների և [Անկարայի դաշնակիցը հանդիսացող] «Սիրիական ազգային բանակի» հրամանատարության իմացությամբ», - պնդում է BBC-ի արաբական ծառայությունը։

Սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման և ռազմական գործողություններին մասնակցության մասին տեղեկությունները արևմտյան, նախ և առաջ բրիտանական մամուլում ակտիվորեն սկսեցին շրջանառվել չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին։

BBC-ի արաբական ծառայությունն, օրինակ, սեփական հետաքննության տվյալները հրապարակեց, որոնք հաջորդող ժամերին հայտնվեցին նաև ընկերության մյուս լեզվական բաժինների, այդ թվում` ռուսական և ադրբեջանական ծառայությունների կայքերում։ BBC-ի հրապարակման համաձայն` Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցության նպատակով սիրիացիների հավաքագրումը այդ երկրի՝ Թուրքիայի փաստացի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային շրջաններում լայն թափ է հավաքել պատերազմի բռնկումից բառացիորեն մի քանի օր առաջ։

«Նախորդ շաբաթ «Սիրիական ազգային բանակի» «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատար Սաիֆ աբու Բաքրը առաջարկեց մեզ մեկնել Ադրբեջան՝ սահմանային հենակետերում պահակային ծառայության դիմաց ամսական 2000 դոլար աշխատավարձ խոստանալով», - BBC-ի արաբական ծառայության թղթակցին սոցիալական ցանցերից մեկում տեղի ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է Աբդուլա անունով մի սիրիացի, որն այժմ գտնվում է Ադրբեջանում՝ պնդելով. - «Ես չգիտեի, որ մենք ստիպված ենք լինելու կռվել»։

Աբդուլան պատմել է, որ սեպտեմբերի 27-ին իրեն և մյուս սիրիացիներին բերել են առաջնագիծ, որտեղ նրանք կրակի տակ են հայտնվել և կորուստներ կրել։ BBC-ի զրուցակցի պնդմամբ` մարտական գործողություններում ներգրավվելու առաջին իսկ րոպեներին սիրիացի զինյալներից 4-ը զոհվել են։

«Այն զորամասում, որտեղ տեղակայված են սիրիացիները, Աբդուլան իր համերկրացիների տասնյակ դիակներ, ինչպես նաև շուրջ 70 վիրավոր է տեսել», - գրում է BBC-ն։

BBC-ի թուրքական ծառայության տեղեկություններով` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով հավաքագրված սիրիացիների ընդհանուր թվաքանակը հասնում է 1000-ի։ Լրատվամիջոցի աղբյուրները տեղեկացրել են, որ դրանցից 250 հոգու Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքից տրանսպորտային օդանավերով տեղափոխել են Ադրբեջան։

Guardian-ն ավելի է հեռուն է գնացել՝ հայթայթելով Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացիներից մի քանիսի անձնական տվյալները։ Զոհերից մեկը Աթարիբ քաղաքի բնակիչ Մուհամեդ Շհաալանն է։ Նրա մահվան մասին ընտանիքի անդամներին տեղեկացրել են «Ալ Համզա» դիվիզիայի ներկայացուցիչները՝ ասելով, որ «նրա դին Ադրբեջանից վերադարձնելը դժվար կլինի, բայց իրենք կփորձեն դա անել», սիրիացի զինյալի եղբոր խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը։

Ըստ Guardian-ի` Ղարաբաղում զոհված մյուս սիրիացիներն են Այն Ջարա գյուղի բնակիչ Հուսեյն Թալհանը և Սադամ Ազիզ Ազքորը Քարիմից։ Երկուսի մահվան մասին էլ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները հարազատներին տեղեկացրել են երեքշաբթի օրը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկից երկու օր անց։ Տեղական մամուլն, ի դեպ, ըստ Guardian-ի, հաղորդել է Ղարաբաղում ևս երեք զինյալների մահվան մասին, որոնց ինքնությունը, սակայն, այս պահին չի բացահայտվում։

Ադրբեջանի կողմից սիրիացիների ռազմական գործողությունների մասին տեղեկություններ է հաղորդել նաև Մերձավոր Արևելքով զբաղվող ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերյեն։ Նա Twitter-ում գրել է. «Խոսել ենք [սիրիացի] մարտիկների և հրամանատարների հետ։ Հավաքագրվել է մոտ հազար հոգի «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ստորաբաժանումներից, ինչպես նաև փախստականների ճամբարներից։ Սեպտեմբերի 18-ից ի վեր նրանց սկսել են ուղարկել [Ադրբեջան]՝ վճարելով հազարական դոլարը։ Նրանցից երկուսը զոհվել են արդեն կիրակի օրը», - նշել է ֆրանսիացի լրագրողը։

Իսկ BBC-ի արաբական ծառայության զրուցակից Աբդուլան պատմել է, որ առաջին կորուստներից հետո Ադրբեջանում գտնվող սիրիացիները խնդրել են թույլատրել իրենց տուն վերադառնալ։ «Նրանց, սակայն, արգելել են լքել ռազմական գործողությունների գոտին՝ հակառակ պարագայում սպառնալով բանտ նետել», - նշում է BBC-ն։

Չնայած արևտյան հեղինակավոր լրատվամիջոցներում տեղ գտած այս հրապարակումներին, պաշտոնական Բաքուն շարունակում է հերքել սիրիացի զինյալների ներկայությունը երկրի տարածքում։ Այսօր կեսօրին այդ առթիվ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պնդելով, թե երկրի դեմ լայնածավալ հակաքարոզչական արշավ է մեկնարկել։

«Այդ արշավի թիկունքում Հայաստանն է, որը ոչնչով չհաստատված տեղեկություններ և գոյություն չունեցող մարդկանց հետ հարցազրույցներ է տարածում», - հայտարարել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

XS
SM
MD
LG