Մատչելիության հղումներ

Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է՝ նա մեղադրվում է նաև 5 մլրդ դրամից ավելի հարկեր չվճարելը կազմակերպելու մեջ


Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ
Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ

Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է՝ նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար, այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Գործարարի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Մայրապետյանն այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, «որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5 միլիարդ 678 միլիոն 764 հազար 260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը», - նշված է հաղորդագրությունում:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երևանի Տերյան 66 հասցեում 2006 թվականին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ «Սամվել Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող հարկերը, 2006 թվականի ընթացքում կազմակերպել է նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հետ կնքված առուվաճառքի պայմանագրերում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 հազար ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար ՀՀ դրամ, մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770 հազար ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875 հազար ՀՀ դրամ», - ասված է հաղորդագրությունում: - «Այնուհետև «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից 2006 թվականի երկրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3 միլիարդ 72 միլիոն 651 հազար 630 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 228 միլիոն 696 հազար 200 ՀՀ դրամ ԱԱՀ գումար: Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում. ակնկալվող 2 միլիարդ 846 միլիոն 243 հազար 830 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 11 միլիոն 435 հազար ՀՀ դրամի չափով շահութահարկի գումար»:

«Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանի կազմակերպած վերը նշված հանցավոր գործունեության հետևանքով «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5 միլիարդ 678 միլիոն 764 հազար 260 ՀՀ դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3 միլիարդ 109 միլիոն 123 հազար 432 ՀՀ դրամ:

Հետագայում «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով նախաձեռնվել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է», - հաղորդում է ՀՔԾ-ն:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, «որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն»:

Սամվել Մայրապետյանը 2018 թվականի հոկտեմբերին ձերբակալվել, ապա կալանավորվել էր, դեկտեմբերին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: 2019-ի հունվարին գործարարը ՀՔԾ-ի թույլտվությամբ բուժման նպատակով Գերմանիա էր մեկնել, ՀՔԾ-ն վերադարձի վերջնաժամկետ էր սահմանել հոկտեմբերի 15-ը։ Վերջնաժամկետից ամիսներ են անցել, բայց Մայրապետյանը վերադառնալու ցանկություն չի հայտնել։

Այս տարվա մարտին ՀՔԾ-ն վերացրել է Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը, հետախուզում է հայտարարել, քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը բավարարել է:

XS
SM
MD
LG