Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկվա որոշմամբ բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ այս մասին տեղեկացնում է դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը:
Հիշեցնենք՝ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Հատուկ քննչական ծառայությունը գործարարին նախորդ շաբաթ վերադարձրել է անձնագիրը, սակայն օրենքի համաձայն՝ մեղադրյալ Մայրապետյանը չի կարող հեռանալ Հայաստանից առանց ՀՔԾ թույլտվության, քանի գործարարի նկատմամբ գրավ է կիրառվել:
«Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը: ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին», - ասված է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում, որը եզրափակում է՝ «ներկայումս Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար»:
Գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք փաստեր էին ներկայացրել ՄԻԵԴ, որ Մայրապետյանի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, որից հետո Հայաստանի կառավարությունը հակափաստարկներ էր ներկայացրել, թե գործարարի բուժումը հնարավոր է կազմակերպել Հայաստանում:
«Որոշման տրամաբանությունից բխում է, որ քանի որ Հայատանի Հանրապետությունում չկա այն մեթոդը, այն բուժման եղանակը, որը կարող է փրկել Սամվել Մայրապետյանի կյանքը, հետևաբար Եվրոպական դատարանը պարտադրել է Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ապահովեն բուժումը», - մանրամասնեց Բատիկյանը։ - «Սամվել Մայրապետյանի կյանքը փրկել հնարավոր է միայն այս եղանակով՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդով, որը կիրառվում է միայն Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքի կոնկրետ Կարլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում»։
Բատիկյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո այսօր գրություն է հասցեագրել ՀՔԾ, որպեսզի թույլատրեն Սամվել Մայրապետյանին՝ անհապաղ մեկնել Հայաստանից:
Մայրապետյանի գործի առնչությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Գլխավոր դատախազությունը: «Եվրոպական Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնով նախատեսված կարգով միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության (interim measures) բավարարումը ուղղված է «վարույթի պատշաճ ընթացքի ապահովմանը» և որևէ կերպ չի կարող դիտվել որպես դիմումատուի իրավունքի խախտման փաստի արձանագրում: Հունվարի 17-ի որոշմամբ Եվրոպական դատարանը, առանց որևէ իրավունքի խախտման փաստի արձանագրման, պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում: Ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Այսօր դիմեցինք Հատուկ քննչական ծառայություն՝ մտադի՞ր են արդյոք թույլատրել Մայրապետյանին մեկնել Հայաստանից: Ծառայությունից միայն արձագանքեցին՝ ՄԻԵԴ որոշման առնչությամբ արդեն իսկ պարզաբանմամբ է հանդես եկել Հայաստանի Գլխավոր դատախազությունը:
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018թ․ հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Դեկտեմբերի 27-ին նա 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից: Գործարարին «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել:
Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: