Մատչելիության հղումներ

Սամվել Մայրապետյանը գրավով ազատ է արձակվել


Առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի միջնորդությունը, և Մայրապետյանին 30 միլիոն դրամ գրավով ազատ է արձակել կալանքից։

«Ազատության» հետ զրույցում Բատիկյանը նշեց, որ գործարարն այժմ գտնվում է հիվանդանոցում և դատաբժշկական փորձաքննության շրջանակներում անցնում է նշանակված հետազոտությունները։

«Դատարանում չէր ինքը։ Ինքը դատաբժշկական փորձաքննության շրջանակներում գտնվում է հիվանդանոցում, հետազոտվում է լրացուցիչ: Ես միանձնյա ներկայացրել եմ գրավի միջնորդությունը, բավարարվեց առաջին ատյանի դատարանի կողմից։ Ինքը գտնվում է հիվանդանոցում, այս պահին էլ հիվանդանոցում է գտնվում և մնալու է էստեղ: Տուն էլ չի գնալու», - ասաց Մարյապետյանի պաշտպանը։

«Ազատության» հարցին, թե ո՞ր հիվանդանոցում է գտնվում Մայրապետյանը, Բատիկյանը պատասխանեց. - «Հիվանդանոցը, ներողություն, չեմ կարող ասել, որովհետև անձնական տեղեկություն է»։

Ըստ պաշտպանի՝ դատարանը որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Մայրապետյանի առողջական վիճակը։

Բատիկյանի խոսքով, նրա ունեցած խնդիրներն անհամատեղելի էին կալանքի հետ․ - «Առարկեց քննիչը, ներկայացրեց հիմնավորումը․․․ բայց արդեն կյանքի խնդիր էր»:

Թեև գործարարը ազատության մեջ է ու, ըստ Բատիկյանի, չի խուսափելու նախաքննությունից, սակայն փաստաբանը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանին ուղղված դիմում են նախապատրաստում․ - «Անկախ միջնորդությունը բավարարելու, իր ազատության մեջ լինել-չլինելուց: Դիմում են, որ խափանման միջոց են կիրառել հիվանդ մարդու նկատմամբ»:

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նրան «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել: Մինչև օրս քննչական մարմինները չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործի շրջանակում էր կալանավորվել գործարարը:

Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:

Հանրության լայն շրջանակներին Սամվել Մայրապետյանը հայտնի դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ տարածքներ ձեռք բերեց այդտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG