Մատչելիության հղումներ

Դատարանը որոշել է կալանավորել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կրտսեր որդուն


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատյան, արխիվ։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատյան, արխիվ։

Դատարանը որոշել է կալանավորել նաև Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կրտսեր որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին։

Խաչատրյանների փաստաբանների փոխանցմամբ, տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 15 ընկերություններ միավորող «Գալաքսի» գրուփի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով։

Եթե նախկին ազդեցիկ պաշտոնյան՝ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է դեռ անցած տարվա օգոստոսից, նրա երկու որդիները՝ Արտյոմը և Գուրգենը հետախուզվում են։ Ընդ որում՝ 36-ամյա Գուրգենը հետախուզվում է մայիսից։ Իրավապահ մարմինների պնդմամբ, իրենք փաստեր չունեն, որ նա հատել է Հայաստանի սահմանը։

Խաչատրյանները իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում՝ հայտարարելով, որ պետությունը փորձում է իրենց ստիպել վաճառել հեռահաղորդակցության ոլորտում առաջատարներից մեկը համարվող ու իրենց պատկանող «Յուքոմ» ընկերությունը:

Ավագ որդին՝ Գուրգենը մեղադրվում է յուրացման, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Կրտսեր որդու մեղադրանքի մասին ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ նրա փաստաբանները մանրամասներ չեն հրապարակել, սակայն կարելի է եզրակացնել, որ երկու եղբայրն էլ անցնում են նույն գործով։

Խաչատրյանները, ըստ ԱԱԾ-ի, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն են իրականացրել՝ ստեղծելով առևտրային կազմակերպություն, որը 2008-2020 թվականների ընթացքում ՊԵԿ-ի հետ կնքել է մատակարաման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր։

Հետագայում ստացած եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, ըստ իրավապահների, Խաչատրյանները գումարը կանխիկացրել են և ազգականի միջոցով մուտքագրել են իրենց պատկանող «Յուքոմ» ընկերություն։

Գլխավոր դատախազությունն իր հերթին այսօր մանրամասներ է ներկայացրել Խաչատրյանների վերաբերող գործի մեկ այլ դրվագի մասին։ Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մեղադրյալ են ներգրավված ոչ միայն հայրն ու երկու որդիները, այլև նրանց մերձավոր երկու, ինչպես նաև ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած երեք անձինք։

Խաչատրյանները, ըստ դատախազության, առնչություն ունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն, այժմ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանի հետ։ Ըստ դատախազության, Առուստամյանը 2008-2014 թվականների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016 թվականների ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանին որդիների միջոցով տվել է ավելի քան 22 միլիոն դոլարի կաշառք՝ հովանավորչության, հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու համար:

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնես կայսրության կառավարիչ Առուստամյանը մեղադրվում է կաշառք տալու և փողերի լվացման համար: Նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանը պնդում է, որ խոսքը փոխառության՝ տոկոսով փող տալու գործարքի մասին է. – «Մուլտի գրուպը նման խնդիր չի ունեցել, որևէ մեկի հովանավորությունը կամ օժանդակությունը չի ակնկալել: Սեդրակ Առուստամյանի անձնական գումարներն են դրանք, և ինքը իր գումարների պահանջատերն է: Հազար անգամ ցուցմունքներում նա նշել է այդ մասին»:

Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե Սեդրակ Առուստամյանը տոկոսով փող է տվել Խաչատրյաններին, որպեսզի վերջիններս արտերկրում գույք ձեռք բերեն։ Թե ինչ գույք, փաստաբանը չէր մանրամասնել. – «Էս ամբողջը բիզնես գործունեություն էր, որի հետ կապված ասում են` հա, էս փաստերը կա, բայց քանի որ Գագիկ Խաչատրյանը էղել ա ՊԵԿ նախագահը, հետևաբար սա հովանավորչության համար կաշառք ա: Հիմա հարց` ինչի՞, ինչի՞ց վերցրեցիք... Ենթադրում են»:

Մինչդեռ Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Առուստամյանից ստացած կաշառքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Սեդրակ Առուստամյանը 2011 թվականին այդ 22 միլիոն դոլարը փոխանցել է Խաչատրյան եղբայրների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Եվ որպեսզի թաքցնեն իրենց ապօրինությունը, իբր տոկոսով փող տալու պայմանագիր են կնքել։

«Ազատության» հարցին, թե ինչու Խաչատրյան եղբայրները Առուստամյանին ինը տարվա ընթացքում գոնե մեկ դրամ չեն վերադարձրել, փաստաբան Հովիկ Սուքիասյանը պատասխանեց. – «Իրենք պատրաս են էս պահին էլ վերադարձնել փոխառության գումարները տոկոսներով, բայց քանի որ ամբողջ գույքերը, դրամական միջոցները կալանքի տակ են, զրկված են Խաչատրյանները էդ պարտավորությունը կատարելու հնարավորությունից: Գումար մինչև հիմա չի վերադարձվել, բայց մարդիկ միշտ պատրաստակամ են եղել ու փոխառության պայմանագրերի ժամկետները միշտ երկարացրել են»:

Որտեղի՞ց Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին այդքան գումար։ Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ այժմ ստուգում են 22 միլիոն դոլարի ծագման օրինականությունը։

Ըստ իրավապահների՝ Առուստամյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ իր մայրական պապը «Իրանական պատերազմի» ընթացքում ծառայելով սովետական բանակում մեծ քանակությամբ այսպես կոչված «Շահի ոսկի» ձեռք բերել, որն էլ տատն իրեն է փոխանցել։ Գլխավոր դատախազությունը հաղորդում է նաև, որ Խաչատրյանի գույքը կալանքի տակ է։

Ավելի վաղ Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանն «Ազատությանն» ասել էր, որ կալանքի տակ են նաև Յուքոմի՝ Խաչատրյաններին պատկանող բաժնեմասերը։

Ողջ կյանքը պետական պաշտոն զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի կարողության ծագումը բազմաթիվ լրագրողական հետաքննությունների առիթ է դարձել, սակայն դրա օրինականությունը իրավապահները սկսեցին ստուգել միայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG