Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն լռություն է պահպանում երկու նախկին նախարարների առնչվող քրեական գործի վերաբերյալ


Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյան (Ձ) և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան
Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյան (Ձ) և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում մամուլում տարածված տեղեկությունը, թե ծառայությունում պետական աջակցության ծրագրով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութի գործընթացին վերաբերվող քրեական գործ է քննվում, և որ դրա շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին։

Վերջինս նույնպես անպատասխան թողեց «Ազատության» հարցը:

Դեռևս մեկ տարի առաջ Քննչական կոմիտեում էր քրեական գործ հարուցվել պետական ծրագրով պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Ըստ Քննչական կոմիտեի, դերակատարները երկուսն են՝ «Մասիսի բերրիություն» ու «Հրաշք այգի» ընկերությունները, որոնք պետական ծրագիրն իրականացրել են առանց մրցույթի: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ամեն տարի մենաշնորհային դիրքում են եղել, պետական անտոկոս վարկի, սուբսիդիայի ու դրամաշնորհի հաշվին իրականացրել են պարարտանյութի ներկրում ու բաշխում։ Եվ այս գործընթացում չարաշահումները հասել են մոտ 200 միլիոն դրամի:

«Հրաշք այգի» ընկերության իրավաբան Միքայել Ավետիսյանի խոսքով, իրենք ընդամենը մեկ անգամ են հրավիրվել Քննչական կոմիտե․ - «ՍՊԸ-ի տնօրինությունը և սեփականատերը որևէ կերպ ներկայումս չի առնչվում տվյալ քրեական գործին, որևէ քրեական հետապնդում չի իրականացվում»:

Նա հերքեց, թե ընկերությունը որևէ իշխանական հովանավորություն է վայելել:

«Հրաշք այգու» սեփականատեր Արթուր Իվանյանը քրեական գործը շոու որակեց, պնդեց, թե բյուջեից որևէ չարաշահման մասին խոսք չկա․ - «Հանկարծ մենք մի բանում մեղավոր լինեինք, համոզված եղեք, որ մեզ բոլոր լրատվամիջոցներով ցույց կտային ու խայտառակ կանեին»:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ այս գործը կարճվել է համաներման ակտի կիրառման հիմքով, մինչդեռ «Մասիսի բերրիություն» ընկերության տնօրեն Սասուն Պողոսյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ պարարտանյութերի գնման, բաշխման գործընթացում չարաշահումների հետ կապված գործ կա Հատուկ քննչական ծառայությունում․ - «ՀՔԾ-ում էլ ուղղակի կանչել են հարցաքննության որպես վկա: Ո՛չ մեղադրական, ո՛չ մի բան չկա»:

Նա հավելեց, որ իրեն կանչել էին Սերգո Կարապետյանի և Գագիկ Խաչատրյանի գործով:

Մասիսի «Բերրիություն» ընկերությունը, որը 4 տարի շարունակ՝ 2012-16 թվականներին ազոտական պարարատանյութի մենաշնորհային մատակարարն է եղել, արդյո՞ք կապ ունի Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Տնօրենի խոսքով, ընկերությունն իրենն է, Խաչատրյանը թեպետ իր քեռու թոռն է, բայց ոչ մի հովանավորչություն․ - «Չի կարելի էլի, որ մի քիչ բարեկամական կապ կա․․․ Ես որ «Մասիսի բերրիության» տնօրենն էի, Խաչատրյան Գագիկը ընդամենը Եղվարդում, Նոր Գյուղում գյուղատնտեսական քոլեջի դասախոս ա էղել»:

Պողոսյանը պնդեց, որ պարարտանյութի իր գնային առաջարկը շահավետ է եղել, կառավարությունն իրենց է ընտրել. - «Ես հո չեմ գնացել, անընդհատ ստիպել, թե ինձ տվեք: Իրանք են ամեն տարի կանչել, որոշել են: Կառավարությունն ա որոշել: Որոշումները բացեք նայեք»:

Սասուն Պողոսյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանի ու Սերգո Կարապետյանի գործով Հատուկ քննչական ծառայություն հրավիրվել է մի քանի շաբաթ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG