Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նիստի ավարտին «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք վերաքննիչ ատյան են ներկայացրել հիմնավորումներ այն մասին, որ առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական չէ:
Մակինյանի պնդմամբ, մեղադրանքի հիմքում ոչ մի փաստ չկա․ - «Վարույթ իրականացնող մարմինը և առաջին ատյանի դատարանը գտնում են, որ 2008-2016 թվականների ընթացքում Կարեն Խաչատրյանը վատնման եղանակով գույք է հափշտակել: Այն դեպքում, երբ որ այդ աշխատաժամանակի վերաբերյալ տեղեկագրերը, օրինակ, 2008-2013 թվականների օբյեկտիվ իրականության մեջ չկան, գոյություն չունեն: Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես Ազգային անվտանգության ծառայությանը պատասխանում է, որ այդ տեղեկագրերը չեն պահպանվել: Հիմա հարց է առաջանում, և մենք այդ հարցը բարձրացրել ենք առաջին ատյանի դատարանում, նաև Վերաքննիչ դատարանում, թե վարույթ իրականացնող մարմինը ի՞նչ մտածեց, ո՞նց հասկացավ, ո՞նց փաստարկվեց, որ այդ տեղեկագրերը 2008-13 թվականների ընդհանրապես Կարեն Խաչատրյանի կողմից են ստորագրված եղել: 2013-16 թվականների ընթացքում այդ աշխատաժամանակի տեղեկագրերը որոնք կան, պարզվում է, որ դրանց մի մեծ մասը Կարեն Խաչատրյանի ստորագրությունները չեն»:
«Ազատության» հարցին, թե արդյոք այստեղ միտում է տեսնում, փաստաբանն արձագանքեց․ - «Ցանկացած ողջամիտ մարդ, որ ապրում է Հայաստանի Հանրապետությունում, այս փաստաիրավական վիճակները հաշվի առնելով, թող ինքը գնահատի՝ միտուկ կա՞, թե՞ ոչ: Այս գործով շատ կարևոր է Կարեն Խաչատրյանի՝ Խաչատրյան ազգանունն ունենալը: Այս պահին այսքանը արձանագրեմ»:
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Կարեն Խաչատրյանը մեղադրանքը միայն առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մասով է: Ըստ մեղադրող կողմի, Կարեն Խաչատրյանը 8 անձի աշխատաժամանակի վերաբերյալ տեղեկագրեր է հաստատել:
Մինչդեռ փաստաբանը պնդում է, թե նրանցից մեկն անգամ Կարեն Խաչատրյանի ենթակայությամբ չի աշխատել․ - «Լավագույն ցանկության դեպքում անգամ Կարեն Խաչատրյանը չէր կարող տվյալ անձի աշխատաժամանակի տեղեկագիրը հաստատեր և ըստ այդմ՝ նաև վնաս պատճառեր պետությանը: Բայց այդ մի անձի աշխատավարձի ծավալը նշված է Կարեն Խաչատրյանի մեղադրանքի հիմքում: Օրինակները բազմաթիվ են»:
Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը քննել է նաև Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ բողոքն ու օրինական համարել նրան կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Կարեն Խաչատրյանի մասով Վերաքննիչը բողոքի քննությունը Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ կշարունակի հոկտեմբերի 4-ին:
Խաչատրյանը կալանավորվել էր օգոստոսի 30-ին՝ առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ:
Փաստաբանը Կարեն Խաչատրյանի կալանավորված լինելու փաստը ավելի շուտ պայմանավորում է Գագիկ Խարատրյանի հետ ունեցած նրա ազգակցական կապով:
Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մասնավորապես՝ 2008 թվականից զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-ից 2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը, որն ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»:
Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը: