Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ․ Վանեցյան


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտը խուզարկություն է իրականացնում ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում:

«Դեռևս շարունակվում է խուզարկությունը և խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ըստ Վանեցյանի, քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Նա նշեց՝ չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, նաև կլրացվի այլ հոդվածներով։

«Ազատության» հարցին, թե որ թվականներին է վերաբերում քրեական գործը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Պաշտոնավարման ընթացքի մասին է խոսքը»։

Թե ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը, Վանեցյանը պատասխանեց. «Տասնյակ միլիոնավոր դոլարներ»։

«Մեղադրանքը 72 ժամվա ընթացքում է լինում, այսինքն բերման ենթարկելուց հետո մենք ունենք 72 ժամ։ Կձերբակալվի, թե ոչ, կորոշեն մեր քննիչները։ Նոր տեղեկացա, որ Ծաղկաձորի տանն է խուզարկությունը ավարտվում, և Ծաղկաձորից կժամանեն Երևան, կգան Քննչական դեպարտամենտ, որից հետո որոշում կկայացվի», - նշեց ԱԱԾ տնօրենը։

Հարցին՝ նրա հետ կապ ունեցող այլ անձինք ովքեր են, Վանեցյանն արձագանքեց. «Մի հոգու անունը կարող եմ ասել՝ Կարեն Խաչատրյան»։

Վանեցյանն ընդգծեց, որ Կարեն Խաչատրյանն էլ է բերման ենթարկվելու՝ նշելով. «Քննչական դեպարտամենտում բերման ենթարկված բոլոր անձանց կարգավիճակը քննիչները կորոշեն, և այսօր մինչև օրվա ավարտին, ես կարծում եմ, մեր մամուլի ծառայությունը հադես կգա հայտարարությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG