Մատչելիության հղումներ

Փաստաբանի վստահեցմամբ Գագիկ Խաչատրյանը իրավապահներից թաքնվելու մտադրություն չունի


Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյան, 27-ը օգոստոսի, 2019 թ.
Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյան, 27-ը օգոստոսի, 2019 թ.

Պաշտոնավարման երկար տարիների ընթացքում, ըստ տարբեր լրագրողական հետաքննությունների, խոշոր կոռուպցիոն գործարքներում ներգրավված Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը իրավապահներից թաքնվելու մտադրություն չունի, վստահեցնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Ձերբակալումը այս փուլում չի կարող այդ նպատակով իրականացվել։ Այս փուլում, որովհետև կոնկրետ նշված է Սահմանադրությամբ, որ նպատակը անմիջապես հանցանք կատարելուց հետո փախուստը կանխելն է։ Բայց մենք արդեն ունենք, որ 9 տարի, 6 տարի կամ 4 տարի ինչ-որ վաղեմության դեպքեր, անձը չի թաքնվել», - նշեց Սարգսյանը։

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ փետրվարից քննում է Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործ, որը հարուցվել է խոշոր չափի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման առնչությամբ։ Ուշ երեկոյան Խաչատրյանը ձերբակալվեց, սակայն դեռևս հայտնի չէ՝ նա այդ գործով ունի մեղադրյալի կարգավիճակ, թե ոչ։

Կրկին տարեսկզբին հարուցված մեկ այլ, արդեն Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Գագիկ Խաչատրյանը ունի մեղադրյալի կարգավիճակ և չհեռանալու ստորագրություն է տվել։

«Ազատության» դիտարկմանը, որ ինքը նշում էր, որ Գագիկ Խաչատրյանը ստորագրություն է թողել չհեռանալու մասին, այսինքն չէր կարող թաքնվել, Սարգսյանը պատասխանեց. «Համենայն դեպս թաքնվելը պարտադիր չէ հանրապետությունից միայն բացակայեր, կարող է անձը թաքնվել հանրապետության մեջ և դա նույնպես կարող է գնահատվել՝ թաքնվել։ Նորից եմ ասում՝ անձը կասկածյալի կարգավիճակ կարող է ձեռք բերել ոչ միայն ձերբակալման դեպքում, այլ նաև երբ նրա նկատմամբ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվում է։ Կարծում եմ, որ այս հանգամանքը ավելի ողջամիտ կլիներ, եթե ստորագրություն կիրառվեր»։

Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման մեջ կասկածվող նախկինում «սուպերնախարարի» համբավ ունեցած Գագիկ Խաչատրյանը, ըստ պաշտպանի, դեռ չգիտի ինչ է տեղ գտել նախաքննական հսկայական նյութերում։ Երեմ Սարգսյանն ասում է՝ ծանոթ են միայն դրա փոքր մասին, օրինակ, նյութեր կան ՊԵԿ-ում գրանցված, սակայն աշխատանքի չգնացած անձանց մասին։

«Վատնման հետ կապված կա որոշակի հանգամանք, որ ինչ-որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չեն հաճախել, աշխատավարձ են ստացել։ Հիմա էստեղ հարց է ծագում, թե իրականում պարոն Գագիկ Խաչատրյանը ինչքանով առնչություն ունի, որ էս առումով ակնհայտորեն չէր կարելի վկայել, որ ասենք որևէ աշխատակիցը չի եկել, ինչ-որ աշխատակցի աշխատավարձ է վճարվել», - նշեց պաշտպանը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ իր ճեպազրույցում չմանրամասնեց, թե ըստ քրեական գործի նյութերի, կոնկրետ ինչ գումարի վատնման կամ յուրացման մասին է խոսքը, սակայն նշեց, որ գործ ունեն տասնյակ միլիոնավոր դոլարների հետ։ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մի հարցում վստահ է՝ ՊԵԿ-ում գրանցված, սակայն իրականում չաշխատած անձանց վերաբերող իրեն հայտնի դրվագով, նման գումար չէր կարող փոշիացված լինել։

«Իմ տեղեկություններով շատ հսկայածավալ, բազմածավալ քրեական գործ է, ես չգիտեմ օրինակ քրեական գործում ինչ տվյալներ, որոնք որ մեզ հայտնի չեն», - ասաց Սարգսյանը։

«Ազատության» հարցին՝ հնարավոր է լինե՞ն, փաստաբանը պատասխանեց. «Ես չունեմ նման տվյալ, որովհետև նախաքննությունը գաղտնի է, ես կարող եմ խոսել այն շրջանակում, այսօր ինչ որ մենք ունենք»։

Գագիկ Խաչատրյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում բազմաթիվ լրագրողական հետաքննությունների կենտրոնում է եղել։ Դեռ 2015-ին «Ազատությունը» պարզել էր, որ Խաչատրյանի ղեկավարության շրջանում Ֆինանսների նախարարությունը 10 մլն դոլարի պատվեր էր տվել նախարարի հորեղբոր որդու ընկերությանը։

Հանրության շրջանում ամենամեծ արձագանքը, սակայն, ստացել էին Խաչատրյանի որդիների առանձնատների մասին «Հետք»-ի և «Սիվիլնեթ»-ի հետաքննությունները։ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, ըստ «Հետք»-ի, իրենց հոր պաշտոնավարման տարիներին Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել ապա վաճառել 18 միլիոնով, բացի այդ Լոս Անջելեսի մեկ այլ հասցեում նոր վիլլա էին կառուցում։ «Սիվիլնեթ»-ի հետաքննության համաձայն էլ, Խաչատրյան եղբայրները 2,6 միլիոն եվրոյով բնակարան էին գնել Էյֆելյանի աշտարակի հարևանությամբ։

«Լրագրողական հետաքննությունը շատ կարևոր է, դրանք հիմնավոր կասկածներ են հանդիսանում քրեական հետապնդում իրականացնելու համար, բայց դրանք որպեսզի դառնան ապացույցներ, դրանք այլ ջանքեր են պահանջում», - նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ կոռուպցիոն հանցագործությունները ամենաբարդ բացահայտվող հանցանքներից են, հետևաբար Սաքունցը համաձայն չէ քննադատությանը, թե իրավապահները ժամանակ են կորցրել ու դեռ 1,5 տարի առաջ պետք է զբաղվեին Խաչատրյանի դիզած ունեցվածքի օրինականության հարցերով։

«Իրապես պետք էր բավարար հիմքեր, հիմնավորումներ, որպեսզի ապացուցվի կամ ոչ թե ապացուցվի, այլ գոնե առնվազն հիմքեր լինեն, որպեսզի դրանց հիման վրա քրեական հետապնդում իրականացվի, քննչական մարմինները կարողանային անհրաժեշտ հիմքեր ձեռք բերել քերական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու համար», - ընդգծեց Սաքունցը։

XS
SM
MD
LG