Ադրբեջանական ընդդիմության ղեկավարներից մեկը` Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին պնդում է, որ երկրում սահմանված կարանտինը իր համար վերածվել է տեղեկատվական շրջափակման և փաստացի տնային կալանքի ռեժիմի:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ ապրիլի 13-ից ի վեր իշխանություններն իրեն զրկել են համացանցից և բջջային կապից, ինչն ավտոմատ կերպով Քերիմլիին զրկել է նաև տանից դուրս գալու հնարավորությունից: Բանն այն է, որ կարանտինի պայմաններում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց բնակարանները կարող են լքել բացառապես հատուկ SMS-հաղորդագրության հիման վրա:
Չնայած դրան, ըստ Քերիմլիի, վերջին շաբաթների ընթացքում իրեն հաջողվել է հանդես գալ մոտ մեկ տասնյակ հեռուստաուղերձներով և հարցազրույցներով: Դրանցից հերթականը նախօրեին հրապարակվել էր Turan գործակալության կայքում:
Ընդգծելով, որ կորոնավիրուսի համաճարակին զուգահեռ ադրբեջանցի ուժայինները սաստկացրել են ընդդիմության ակտիվիստների դեմ հալածանքները, Ժողճակատի առաջնորդը միաժամանակ նշում է,որ անգամ ստեղծված իրավիճակում իր ղեկավարած քաղաքական ուժն իշխանությունների հետ երկխոսության գաղափարից չի շտապում հրաժարվել:
«Այդ երկխոսությունը, սակայն, պետք է առարկայական լինի: Մենք դեմ ենք երկխոսության իմիտացիային: Այդ երկխոսության նպատակը չպետք է լինի ընդդիմության լռեցնելը կամ ընդդիմադիրներին կաշառելը», - նշում է Ալի Քերիմլին` ուրվագծելով նաև հարցերի այն շրջանակը, որի շուրջ Ժողճակատն ու ընդդիմադիր մի շարք այլ ուժերի և անհատների միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» պատրաստ են երկխոսել իշխանության ներկայացուցիչների հետ:
«Նախ և առաջ, մենք պատրաստ ենք քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցը, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը, հավաքների և ցույցերի ազատությունը, նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ու երկրի անվտանգության ապահովման հարցերը», - նշում է Ալի Քերիմլին` հավելելով. - «Այս ամենի հետ միասին, ես իրատես եմ և շատ լավ հասկանում եմ, որ թվարկված հարցերից և ոչ մեկի շուրջ իշխանության հետ համաձայնության գալ հնարավոր չէ»: