«Կորոնավիրուս և ընդդիմություն», Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի համոզմամբ` դրանք են այսօր երկրի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները:
Շաբաթասկզբին Ահմեդովը, որ Բաքվի իշխանական համակարգի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է համարվում, Facebook-ում «Պայքար երկու վիրուսների դեմ» վերնագրված մի գրառում էր կատարել` պնդելով, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է միաժամանակյա պայքար ծավալեն թե՛ կորոնավիրուսի և թե՛ ընդդիմության դեմ:
Ահմեդովի հիմնական թիրախը «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին է, որին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրում է երկրում կեղծ լուրեր տարածելու և «բնակչության շրջանում Ադրբեջանի իշխանությունների հանդեպ անվստահություն սերմանելու փորձերի մեջ»:
Ադրբեջանական ընդդիմության համոզմամբ` Ահմեդովի այս գրառումը ազդարարում է իշխանության ընդդիմախոսների դեմ համակարգված արշավի մեկնարկը: «Իշանությունները օգտվում են կորոնավիրուսի համաճարակի տարածումից` ընդդիմադիրների դեմ հալածանքների նոր ալիք նախաձեռնելու համար», - երեկ տարածած հայտարարության մեջ նշում էր երկրի մի շարք ընդդիմադիր կազմակերպություններին ու անհատներին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»:
Ընդդիմադիրների այս պնդումներն անհմին չեն: Ընդամենը երեք օրում արդեն երեք ընդդիմադիրներ են հայտնվել ճաղերի հետևում: «Մուսավաթ» կուսակցության և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» անդամ Թոֆիք Յագուբլուն ձերբակալվեց կիրակի երեկոյան` իբր իր մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային միջադեպից հետո խուլիգանական գործողություններ կատարելու մեղադրանքով:
Հաջորդ օրը բերման ենթարկվեց «Ժողովրդական ճակատ» կուսակցության Ջալիլաբադի տարածքային կազմակերպության անդամ Ամիր Մելիքովը, որին ներկայացված մեղադրանքն ավելի համահունչ էր ստեղծված իրավիճակին. իրավապահները երիտասարդ ակտիվիստին մեղադրեցին «համաճարակաբանական կանոնները խախտելու» համար: Նույն օրը Բաքվում վարչական կալանքի ենթարկվեց «Մահմեդական միասնություն» շարժման անդամ Սամիր Բաբաևը:
Դրան էլ գումարած Ժողճակատի ակտիվիստներից մեկին` Ֆուադ Ղահրամանլիին WhatsApp-ով սպառնալիքներ էին ուղարկվում: Դրանց հեղինակները պահանջում էին նրանից դադարեցնել քաղաքական գործունեությունը, գրառումներ չկատարել սոցիալական ցանցերում` հակառակ դեպքում Ղահրամանլիին սպառնալով «կոտրվածքներով և բացասական հետևանքներով»:
Այս ամենի ֆոնին «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» դիմել է միջազգային կառույցներին` կոչ անելով հստակորեն և համարժեքորեն արձագանքել ընդդիմադիրների դեմ հալածանքների նոր ալիքին և թույլ չտալ Ալիևի վարչակազմին «կորոնավիրուսի համաճարակից օգտվելով` էլ ավելի ամրապնդել բռնապետությունը»: Ընդդիմադիրները նաև կոչ են ուղղել ադրբեջանական իշխանություններին` նշելով, որ կիրառվող բռնաճնշումները «էլ ավելի են սաստկացնելու ժողովրդական ցասումը»: