Մատչելիության հղումներ

Առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, ասում է վարչապետը


«Մենք ընդհանուր առմամբ գնալու ենք սահմանափակումների նվազեցման և քայլ-քայլ, եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերի ընթացքում ըստ էության գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Մենք հիմա մտածում ենք, որ առաջիկայում, առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի, այսինքն՝ ռեստորանները ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար, սրճարանները ինչ կանոններ պետք է պահպանեն, արտադրամասերը ինչ կանոններ պետք է պահպանեն, և էսպես շարունակ», - նշեց պետության ղեկավարը՝ հավելելով. - «Մենակ կրթական համակարգն է, որ մենք սահմանափակված կպահենք, և հետո կտեսնենք՝ ինչ կլինի, և հետո օպերատիվ կարձագանքենք»:

Փաշինյանը հայտնեց, որ պարետն այսօր նոր որոշում է ստորագրում կամ արդեն ստորագրել է, որով հանվում է բնակության վայրից ոչ ավելի քան մեկ կիլոմետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը: ««Եվ այժմ ավելի թուլացվելու է ռեժիմը, և մասնավորապես թույլատրվելու է բնակության վայրին մոտ մեկ կիլոմետր հեռավորության տարածքում զբոսնել՝ <...> պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ», - ասաց վարչապետը՝ նշելով, որ ժամերը կսահմանի պարետը, և որ այդ ամենի հետ պահպանվում է «Տեղաշարժման թերթիկ» ունենալու պահանջը:

«Զրույց քաղաքացու հետ. կոմունալ ճգնաժամ» խորագրի ներքո հեռարձակված իր խոսքում պետության ղեկավարը, բնականաբար, մեծ տեղ հատկացրեց կոմունալ վարձերի հետ կապված վերջին զարգացումներին՝ շեշտելով. - «Այս պահին մեր հիմնական խնդիրը, իհարկե, կոմունալների հետ կապված այս ճգնաժամին այլ լուծում գտնելն է, քան չվճարումները, որովհետև չվճարումների փորձը ցույց տվեց, որ էդ պարագայում սպեկուլյատիվ մեծ պրոցեսներ են տեղի ունենում, որը բերում է համակարգի կոլապսի վտանգին: Մենք հիմա հարցի այլ լուծում կգտնենք, իսկ որ լուծում կգտնենք՝ ակնհայտ է, իսկ որ լուծումները չեն լինի 100-տոկոսանոց և կատարյալ, էդ էլ է ակնհայտ, որովհետև մենք մի խնդիր ունենք՝ տեղորոշել բոլոր կարիք ունեցողներին: Շատ կարևոր է, որ հասցեական լինի մեր աջակցությունը, հակառակ դեպքում մենք փողը կմսխենք՝ արդյունք չենք ունենա»:

Հիշեցնենք, թեև կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է, օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերացած համարեց կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը, ինչին հետևեցին փետրվար և մարտ ամսվա կոմունալ վարձերի պարտքեր ունեցողների տներում անջատումները:

XS
SM
MD
LG