«Էլեկտրիկը զանգել էր ամուսնուս, ասել էր, որ արդեն վճարելու ժամանակն է, թե չէ, կներես, կանջատեմ, հնարավորություն չկա», - էլեկտրիկից զանգը ստացել են, փետրվար-մարտ ամիսների էլեկտրաէներգիայի համար չվճարած 46 հազար դրամի պարտք են կուտակել, բայց երեք անչափահաս երեխա ունեցող գյումրեցի նպաստառու ընտանիքի մայրը՝ Օֆելյա Արուսյանն ասում է՝ վճարելու հնարավորություն չունեն։
Ամուսինն օրավարձով աշխատող էր, կորոնավիրուսը նրան էլ տանը նստեցրեց, պարտք կաներ, բայց այս օրերին տվող չի գտել:
«Ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ էլ ինչ-որ մի տեղից, որ կարողանամ գոնե նպաստին տամ կամ ամուսինս գոնե գործի լինի տամ, չկա: Էս անգամ [նպաստը] 50 հազար էր եղել, բարձրացումով այսինքն, բայց էլի պարտքերը, մինչև հասնում ենք տուն, էլ նպաստը չկա», - ասաց Արուսյանը:
Գազ չեն օգտագործում, հոսանքի հույսով էին: Երեխաների հեռավար կրթության հարցն ինչպե՞ս են լուծել, կենցաղային խնդիրները՝ լվացք, արդուկ, ճաշ եփել: Այս օրերին, երբ երեխաները դպրոց- մանկապարտեզ չեն գնում, Օֆելյան նաև հացն է տանը թխում, էլի հոսանքով:
«Հաց առնելն ընդհանրապես ձեռք չի տալիս մեզ», - ասաց Արուսյանը:
Մարդիկ ծանոթ էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարություններին, թե 10 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիա ու 30 հազարից ավելի գազ սպառած բաժանորդները մինչև երկուշաբթի չվճարեցին, գազ ու լույս չեն ունենա: Այս հայտարարություններն ընկերությունները շտապեցին անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեք օր առաջվա ծանուցումից հետո, թե կոմունալների դիմաց վճարումների կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարում է վերացած:
Չնայած մարտի վերջին նույն հանձնաժողովը գտել էին, որ այդպիսի իրավիճակը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը, և մատակարարները չվճարելու դեպքում չեն կարող անջատել մարդկանց հոսանքը, գազը կամ ջուրը:
Կառավարության վերջին որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը։
Լյովա Հարությունյանը հաշմանդամություն ունեցող քրոջ գազի վճարի համար էր Մալաթիա-Սեբաստիայի փոստատներից մեկը հասել: Չնայած «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարած վերջնաժամկետը չի ավարտվել, պնդում էր՝ պարտքի պատճառով երեկվանից գազը անջատել են, ստիպված է եղել ծանոթներից գումար ճարել, ինքն էլ, քրոջ աղջիկն էլ այս օրերին, ասաց, անգործ են մնացել։
«12 հազար 300 դրամի համար անջատել էին», - ասաց Հարությունյանը:
Գումարը չվճարելու պատճառով էլ Լյովա Հարությունյանին այս օրերին վարձով տնից են հանել։ Առցանց չի դիմել, բաց պետական աջակցության ակնկալիքով ամբողջ Երևանը մետրո ու տրանսպորտ չաշխատելու պայմաններում ոտքով անցել է, հետ չեն զանգել:
«Չլվել եմ, ոտքով Լենինգրադյանից գնա քաղաքապետարան, քաղաքապետարանից գնա Սոցապ նախարարություն, նորից ոտքով արի ու ոչ մի բան: իմ աշխատանքը նենց էր, որ հաշվարկներ էի անում Կենտրոնում, էլի, օբյեկտներում, էն էլ փակվավ, սենց, խազեինն էլ բա՝ «վարձը տուր», ասում եմ, դե աշխատանք չկա, ես քո վարձը եղել է ուշացնեմ կամ կոմունալը, «դա ինձ չի հետաքրքրում, գնա ճարի», որտեղի՞ց ճարեմ: Հագնում եմ, գնում եմ սադում կամ էն օրը գնացել եմ գետնանցումի տակ եմ մնացել, ոչ՛ խուժան եմ, ո՛չ ալկաշ եմ, ոչ մի բան», - նշեց նա:
9 հոգանոց ընտանիք էլ Լևոնն է պահում: Դեռ թոշակի տարիքի չի հասել, մասնագիտությամբ աշխատել՝ մեքենա վարել, ասաց, չի կարող՝ վարորդական իրավունքից զրկված է: Որոշել է Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ ակորդեոն նվագել: Աշխատած փողը տնօրինողը կինն է, չգիտի ինչքան, բայց պարտքեր ունեն: Լույս, գազ անջատելուն էլ խիստ փիլիսոփայորեն է նայում:
«Մեր հին ադաթով Նոր տարի՝ սեղանին կնստեմ մոմերով, էդքան էն ժամանակներում ի՞նչ ենք արել, ապրե՞լ ենք, հիմա էլ կապրենք ինչ ա եղել», - ասաց Նա:
Աղբի, վերելակի գումարը կարող են չմուծել, բայց հոսանքն ու գազն անջատել տիկին Լյուդմիլան թույլ չի տա։ Ինքը 60-ն անց է, բայց տանն ասում է՝ մեծ կա։
«Առաջնահերթ էդ ենք անում, տանը մեծ կնիկ ունենք, սկիսուրս տանն ա, 90 տարեկան կնիկ ա, վրեն դողում ենք, որ հանկարծ....», - նշեց Լյուդմիլան:
Արդյոք կառավարությունը, ինչպես փետրվարի համար, պատրաստվո՞ւմ է մասամբ փոխհատուցել գազի ու լույսի վարձավճարները, առայժմ հայտնի չէ։ «Ազատության»-ը հարցին խոստացել է արձագանքել վարչապետի խոսնակը։