Մատչելիության հղումներ

Վարչապետը վստահեցրեց՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի անջատումներ չեն լինի


«Էրեկ չէ առաջին օրը եկել ու անջատել են», - Սոֆի Ասատրյանի ընկերուհին սրճարանում է աշխատում՝ օրավարձով, կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքից զրկվել է. միայնակ կնոջ համար 12 հազար դրամ վարձավճարը հատկապես հիմա ճոխություն է, չցանկացավ տեսախցիկի առաջ հայտնվել, հիվանդ է:

Նրա ընկերուհին ասում է՝ բացի դեղերի, սննդի ու կոմունալ ծախսերից, կինը նաև տան վարձը պետք է մուծի։

«Թող հետաձգեն, մենք չենք ասում իրանք վճարեն, թող հետաձգեն, թող մտնեն մարդկանց դրության մեջ: Մարդը գումար չունի՝ հաց առնի ուտի: Հա, ես իրան կօգնեմ, էն մեկը կօգնի, բայց տենց հո մենակ ինքը չի, հարյուրավոր ընտանիքներ են», - ասաց Սոֆին:

«Երկրորդ գազն է՝ անջատում եմ, բայց ունեմ դեռ շատ անջատելու», - նշեց գազի տեսուչ Լուսինե Առուստամյան։

Տեսուչն առավոտյան հրահանգ էր ստացել՝ անջատել վարձը չվճարած բոլոր սպառողների գազամատակարարումը, ասում է՝ սպառողների մեծ մասը գումարը չի վճարել։

Թոշակառու Արաքսյա Պողոսյանն էլ մինչև ամսվա վերջ ժամանակ էր խնդրում. աղջիկն աշխատավարձն այդ ժամանակ է ստանալու։ Փոքր երեխա ունեն, «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցն այլընտրանք չուներ, ղեկավարների հրահանգը կատարեց։

Հարցը նաև այսօր խորհրդարանում քննարկվեց: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում հիմնականում գազամատակարարման անջատմանն առնչվող, հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունն աջակցելու է այդ մարդկանց:

«Այսօր կա կոնտեքստ, որ եկեք կոմունալ վճարները ասենք, օրինակ, հետաձգենք: Հարց՝ օրինակ, պետական աշխատողների կոմունալ վճարներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն, նրանք աշխատավարձ են ստանում, և հարց՝ օրինակ, ապահովված խավի կոմունալ վճարները ինչո՞ւ պետք է հետաձգվեն», - ասաց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում էլ պետք է թիրախավորված մոտեցում լինի, վստահեցրեց՝ արդեն պայմանավորվածություններ են ձեռքբերվել «Գազպրոմ Արմենիա»-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Վեոլիա ջուր» ընկերությունների հետ է, որպեսզի անջատումներ չլինեն։

«Ինչո՞ւ մենք սրա մասին շուտ չէինք խոսում, որովհետև մենք չէինք ուզում, որ դա օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան, «որ հա, լավ, մեկ ա բան չկա, չենք վճարում ոչ մեկս», այսինքն՝ հենց առաջին օրվանից պարետը առաջնային հարցերից մեկը, որով զբաղվել է, դա է եղել, և այսօր կարող ենք ասել, որ բոլորի հետ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով որպեսզի ինստիտուցիոնալ լինի, ունենք այդ պայմանավորվածությունը», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին՝ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, վճարեն կոմունալները։

Ավելի վաղ «Ազատությանը» «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից հայտնել էին, որ որոշել են՝ այս ընթացքում զերծ մնալ բնակիչ-բաժանորդների հոսանքազրկումներից, հատկապես սոցիալապես անապահով, որոշումը մասնավոր ընկերություններին չի վերաբերում։ «Գազպրոմ Արմենիա»-ից նման պատասխան էինք ստացել, թե ընկերությունը չի կարող լրացուցիչ արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի համար՝ վճարումների հարցում:

Ազգային ժողովի Հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր մյուս խմբակցությունից՝ «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն էլ հստակեցում խնդրեց կառավարությունից, քանի որ ինքը ևս դեռ քաղաքացիներից բողոքներ էր ստանում, որ գազամատակարարումն անջատել են։

ԲՀԿ-ական պատգամավորին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Մենք «Վեոլիա»-ի և «Հայ էլեկտրական ցանցեր»-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեինք, այսօր վերջնական պայմանավորվածությունը կունենանք նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, և հենց այս պահից սկսած, ենթադրում եմ, երբ որ հաղորդագրությունը տարածվի, բոլոր այդ խնդիրները կկասեցվեն»:

XS
SM
MD
LG