Մատչելիության հղումներ

Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք. վարչապետ


Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք, հայտարերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ իր խոսքում Փաշինյանը նշել է. «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ: Պլանավորում ենք նաև որոշ փոփոխություններ իրականացնել միջոցառումների մեջ, որոնցով կկարգավորենք այս ընթացքում ստացած ահազանգերը, ազդակները»:

Վարչապետը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում արդեն իսկ բավարարվել է 259 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 18 մլրդ դրամ, 2-րդ ծրագրով՝ 3 հազար 419 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4 մլրդ 827 մլն դրամ:

«Նաև մենք որոշում կայացրեցինք 4 մլրդ դրամի չափով վերաֆինանսավորում իրականացնել, որից 2 մլրդ դրամը կծախսվի միկրովարկերի, իսկ ևս 2 մլրդը՝ 3-12 մլն դրամի գյուղատնտեսական ծրագրային և ոչ միայն ծրագրային վարկերի վրա: Ընդ որում, այսօրվա քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այս խմբի վարկերի սահմանափաչափերը կավելացնենք և կդարձնենք 3-ից 30 մլն դրամ՝ մի շարք ծրագրային ուղղություններով», - ասել է վարչապետը:

3-րդ ծրագրով բավարարվել է 371 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4,1 մլրդ դրամ: 4-րդ միջոցառման շահառուների թիվը 1955 է, ֆինանսավորվել 195 մլն դրամ: Ծրագիրն արդեն ավարտված է:

Խոսելով 5-րդ ծրագրի մասին, վարչապետն ասել է. «Դրամաշնորհ ենք հատկացնում այն ընկերություններին, որոնք պահպանել են նախաճգնաժամային ժամանակաշրջանի աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը: Խոսքը 2-50 աշխատող ունեցող ընկերությունների մասին է և յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի կարգով վճարում է կառավարությունը: Այս պահի դրությամբ դրամաշնորհ ենք տրամադրել 9 հազար 901 տնտեսվարողի, դրամաշնորհի ծավալը կազմել է 1 մլրդ 600 մլն դրամ»:

Սոցիալական բնույթի 6-րդ միջոցառումը նույնպես ավարտվել է: Ծրագրի չափանիշին համապատասխանել է 6 հազար 723 շահառու, նրանց վճարվել է ընդհանուր 457 մլն դրամ: 7-րդ միջոցառումը նույնպես ավարտված է: Ծրագրից օգտվել է 8 հազար 753 շահառու, վճարվել է ընդհանուր 875 մլն դրամ:

8-րդ միջոցառուման շրջանակներում, այս պահի դրությամբ բավարարվել է 83 հազար 406 հայտ և վճարվել է 5 մլրդ 777 մլն դրամ:

«9-րդ միջոցառումը վերաբերվում է այն ընտանիքներին, որտեղ ընդհանրապես չկա աշխատող և որտեղ կան երեխաներ և մենք այս միջոցով փորձել ենք գտնել, այսպես ասած չգրանցված աշխատողներին: 7-րդ միջոցառումն էլ այդպիսի նպատակադրում ունի: 9-րդ միջոցառումով այս պահի դրությամբ բացահայտվել է 52 հազար 791 հայտ, վճարված գումարը 1,4 մլրդ դրամ է: Ասեմ, որ 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակում մենք սպասում ենք, որ կունենանք 100 հազար և ավելի շահառու», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 10-րդ միջոցառմանը՝ վարչապետը նշել է, որ այն վերաբերում է միկրոբիզնեսի սուբյեկտներին: Այս պահի դրությամբ բավարարվել է 1485 հայտ, վճարվել է 83,4 մլն դրամ:

«11-12-րդ միջոցառումները վերաբերվում են շահառուների կոմունալ ծախսերին: 11-րդ միջոցառման պարագայում ունենք 450 հազար 827 շահառու, ընդ որում այս թիվը պետք է համարյա կիսով չափ կրճատել, որովհետև հաշվառված են և գազի, և էլեկտրաէներգիայի շահառուները: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև կլինեն շահառուներ, որոնք ունեն էլեկտրաէնեգիա, իսկ գազ չունեն: Այստեղ վճարված է 786 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում գումարը փոխանցվում է շահառուների բաժանորդային հաշվիներին: 12-րդ ծրագիրը նույնպես վերաբերվում էր կոմունալ վարձերին: Այստեղ նույնպես թիվը պետք է մոտավորապես 40 տոկոսով կրճատել, շահառուները 486 հազար 434-ն են, վճարվել է 1,8 մլրդ դրամ», - նշել է կառավարության ղեկավարը:

13-րդ միջոցառումն ունի 85 հազար 906 շահառու ընտանիք, որոնց կվճարվի 1 մլրդ 252 մլն դրամ: Այս վճարումը կիրականացվի ապրիլ ամսվա նպաստների հետ միասին:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ: Մենք նաև հակաճգնաժամային բնույթ կամ դրա հետ առնչություն ունեցող որոշ որոշումներ ենք կայացնում, որոնք չեն հաշվառվում որպես հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը քննարկվեց, որն, այսպես ասած, միացյալ նախաձեռնություն էր: Շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատանքը և իհարկե նաև ձեր օգնությամբ առավելագույնը կանենք, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն արդյունավետ և հասցեական»:

Նույն աղբյուրի փոխնացմամբ՝ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG