Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող «Ոչ» քարոզչության կողմը հայտարարում է քարոզչության ընթացքում իշխանությունների կողմից թույլ տրվող խախտումների մասին։
«Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը, ով Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արդարադատության փոխնախարար էր, իսկ այնուհետև Արցախի օմբուդսմեն, այսօր «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց՝ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն «Այո»-ի քարոզչության համար օգտվում է ուղղաթիռից, այնինչ «Ոչ»-ի ներկայացուցիչները զրկված են նման հնարավորությունից։
«Ամեն օր ենք խնդիրներ նկատում, ամեն օր, հենց այսօր, մենք հիմա խոսում ենք՝ ժամը 11:34, հենց հիմա օրենքի խախտում է տեղի ունենում: Օրինակ՝ որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ուղղաթիռից, քարոզչություն իրականացնելու հնարավորություն է ստացել, որը չունի, օրինակ, հակառակ կողմը», - ասաց նա:
Դիտարկմանը, որ վարչապետին պետական պահպանության օրենքով անվտանգության երաշխիքներ են հասնում, Մելիքյանն արձագանքեց. - «Պետք չէ շփոթել, անվտանգության երաշխիքները, այո հասնում են վարչապետին, մենք չենք հայտարարում, որ նա չպետք է ունենա անվտանգություն, բայց Դուք հենց նոր իրականացնում ենք «Այո»-ի կողմի փաստարկ, որը կարող է բերվել, որն ամենևին իրավաչափ չէ, և խոսքը վերաբերում է հետևյալին՝ ուղղաթիռը որպես միջոց, փաստորեն քարոզչական ռեսուրս է դրանով խնայվում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ եմ հատուկ ընդգծում քաղաքացի, որովհետև քարոզչություն իրականացնում է ոչ թե վարչապետը, այլ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, ինչպես և մենք կարող էր նստել և պետք է նստեր, ճիշտ է, պետական, բայց ավտոմեքենա, գնար, հասներ 7 ժամ հետո Ագարակ, այլ ոչ թե 1 ժամում հասներ Ագարակ ուղղաթիռով այն դեպքում, երբ մենք այդ հնարավորությունը չունենք, որովհետև մեզ ուղղաթիռ չի կարող տրամադրվել, և քաղաքացիական ավիացիա գոյություն չունի»:
Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղղաթիռով ժամանել է Հայաստանի հարավային սահման՝ Ագարակ քաղաք՝ մասնակցելու «Այո»-ի քարոզարշավին։ Նրան ուղեկցում են տիկինը՝ Աննա Հակոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ուղղաթիռով Ագարակ մեկնելու քննադատությանն այսօր անդրադարձավ վարչապետ Փաշինյանը` հիշեցնելով, որ ըստ օրենքի՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և չի կարող հրաժարվել այդ պահպանությունից. - «Իսկ օրենքն ասում է նաև, Ընտրական օրենսգիրքը, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա օրենքի այն սահմանափակումները, որ չի կարելի իրենց աշխատանքային գործունեության համար տրամադրված միջոցներն օգտագործել քարոզչության ժամանակ և այլն, չի տարածվում, որովհետև սա ոչ թե քարոզչություն է, սա պետական պահպանություն է, որից ես չեմ կարող հրաժարվել»:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ այլ խախտումներ էլ են արձանագրվել:
«Անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, օրինակ՝ Ազգային ժողովի ամբիոնից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ի պաշտոնե գործելով, իրականացրեց «Այո»-ի քարոզչություն:
Մի քանի օր առաջ բոլորի աչքի առջև կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ի պաշտոնե գործելով՝ կառավարության անդամ Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի ամբիոնից իրականացրեց «Այո»-ի քարոզչություն՝ կոչ արեց գնալ քվեարկության և քվեարկել «Այո»: Այդ փաստերն անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրվեցին, հայտարարությամբ հանդես եկան:
Մեկ այլ օրինակ, որ ինքս էի արձանագրել, երեկ արձագանք չեղավ. Արարատի մարզպետը, չգտնվելով արձակուրդի մեջ, իր ֆեյսբուքյան էջով «Այո»-ի քարոզ էր իրականացնում աշխատանքի ժամին: Որևէ բացատրություն դրան չտրվեց, թեև մենք սպասում էինք, դեռ շարունակում ենք սպասել Արարատի մարզպետի բացատրությանը, որովհետև նա հնարավորություն ունի, իհարկե իր մոտեցումը ներկայացնել՝ դա խախտում էր, խախտում չէր: Այսինքն՝ մենք այս պահին արձանագրում ենք, որ ամեն օր մենք «Այո»-ի քարոզչության հետ կապված խախտումներ ենք նկատում, դրանք բարձրաձայնում ենք, բարձրաձայնման նպատակը այս պահի դրությամբ կանխարգելիչ է, հետագայի մասին չեմ կարող ասել, և մենք իսկապես հույս ունենք, որ «Այո»-ի քարոզչության կողմի ներկայցուցիչները մի փոքր ավելի հարգանքով կվերաբերվեն օրենքին»:
Հարցին, թե «Ոչ»-ի ճամբարը մտադի՞ր է շտաբներ բացել, ավելի ակտիվ հանրությանը ներկայացնել, անմիջական շփման տեսքով, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. - «Մենք նման հանձնառություն չենք ստանձնել, մեր հանձնառությունը շատ հստակ է, ես հիմա կկրկնեմ՝ առաջինը՝ վերահսկողություն իրականացնել, որը մենք շատ ակտիվորեն իրականացնում ենք, երկրորդը՝ հարթակ տրամադրել հանրությանը, խոսք ունեցող հանրությանը, ասելիք ունեցող քաղաքական ուժերին, քաղաքական ուժերին, որովհետև մենք քաղաքական ուժ չենք, քաղաքական հայտ չենք ներկայացնում»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ««Ոչ»-ի ճակատի քննադատներն ասում են, որ «այս քաղաքացիական նախաձեռնությունը խուսափում է շտաբներ բացել, խուսափում է անմիջական շփումից, քանի որ վարկանիշի խնդիր կա, չունեն վարկանիշ, չունեն հեղինակություն, հետևաբար խուսափում են ակտիվ քարոզչությունից, ի՞նչ կարող եք ասել», նա ասաց. - «Մենք քաղաքական գործունեություն չենք իրականացնում, մենք քաղաքական գործիչներ չենք, հետևաբար վարկանիշի մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է շտաբներ բացելուն, ապա այդտեղ նաև ֆինանսական խնդիրներ կան, և նորից կրկնեմ՝ մենք նման հանձնառություն չենք ստանձնել, բայց մենք ապրում ենք հասարակության մեջ, մեր քաղաքացիների հետ անընդհատ շփվում ենք, և ես կարող եմ իմ անունից հավաստիացնել, և շատ-շատերն իրենց անունից կարող են հավաստիացնել, որ մենք շատ ավելի շատ ջերմ վերաբերմունքի ենք արժանանում հասարակ քաղաքացիների կողմից, քան հակառակը»: