«Սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում բոլորիդ ապրիլի 5-ին գնալ տեղամասեր և «այո» ասել սահմանադրական փոփոխությանը», - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս կոչով դիմեց քաղաքացիներին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի նիստում։ Նույն պահին խորհրդարանական ընդդիմությունից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ահազանգեց՝ «Այո»-ի շտաբի ղեկավարը խախտում է «Հանրաքվեի մասին» օրենքը և աշխատանքային ժամին քարոզչությամբ զբաղվում խորհրդարանում։
«Պարոն Պապիկյան, եկեք արձանագրենք, որ Ձեր պաշտոնական լիազորությունները կատարելիս հենց հիմա Դուք քարոզչություն էիք անում, ինչն օրենքում արգելված է, հուսով եմ` սա չի շարունակվելու», - ասաց Գորգիսյանը։
Գևորգ Գորգիսյանի ահազանգին իշխանական պատգամավորները տեղից արձագանքեցին՝ ակնարկելով ժամի մասին, թե Պապիկյանի աշխատանքային ժամն ավարտվել է, հայտարարության պահին 18-ն անց էր։
«Նախարարի լիազորությունները չի սահմանվում ժամերով», - նշեց ԼՀԿ պատգամավորը։
Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ հանրային ծառայողներին արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ վկայակոչելով օրենքը՝ ասում է՝ Պապիկյանը խորհրդարանում կառավարության ղեկավարի ու մյուս անդամների հետ իր լիազորություններն էր իրականացնում։
«Սա ակնհայտ և կոպիտ խախտում է, «Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված արգելված արարք է, մենք բոլորս գիտենք, որ նախարարն այդ ժամանակ իրականացնում էր հենց նախարարի ծառայողական պարտականությունները և իրավունք չուներ քարոզչություն իրականացնելու», - ասաց Պապիկյանը։
Խախտման մասին «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչների ահազանգին երեկ ավելի ուշ հաջորդեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հայտարարությունը, թե ուսումնասիրել են Սուրեն Պապիկյանի ելույթը և անմիջապես կապ հաստատել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ուշադրությունը հրավիրել «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջների վրա՝ տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:
«Իհարկե, հայտարարությունն անատամ էր, ես որպես իրավաբան, որպես օրենքին ծանոթ մարդ կամ ցանկացածն, ով ծանոթ է օրենքին, կարող է հասկանալ, որ, այո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատում է դա խախտում և հենց այդ պատճառով էլ հենց այդ հոդվածը հիշեցում է «Այո»-ի շտաբի ղեկավարին։ Այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ շատ անատամ հայտարարություն էր, մինչդեռ կարող էր իրականացվել անհրաժեշտ պատասխանատվության միջոցներ», - ընդգծեց Բաբայանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը «Այո»-ի շտաբում ընդունել են ի գիտություն, ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը խորհրդարանում հետևել էր հարցուպատասխանին։
«Պարոն Պապիկյանը երբ անում էր հայտարարությունը, ես ինքս նայում էի ժամացույցին և 18։36 էր, 18։00-ից հետո էր ամեն դեպքում, բայց նաև տեղյակ եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կերպով ծանուցել է, և այդ ծանուցումը կընդունվի ի գիտություն», - նշեց Մկրտչյանը։
«Ոչ»-ի ճակատի ներկայացուցչին ոչ այնքան խախտումն է մտահոգել, որքան իշխանական խմբակցության արդարացումները։
«Եթե հիշում եք, Գևորգ Գորգիսյանը նշեց խախտման մասին, որին հաջորդեց կառավարության ծիծաղը և ժամացույցի ցույց տալը։ Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք աժեքների հետ, արժեքային համակարգի հետ: Ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ հեղափոխություն ենք իրականացրել, արժեքներ ենք փոփոխել, բայց տեսնում ենք, որ ոչ մի արժեք էլ չի փոխվել, այսինքն՝ ուղղակի, պրիմիտիվ, կարծում են, որ եթե ժամը լրացել է, ապա կարող են անել այն ամենը, ինչ կցանկանան», - ասաց Արսեն Բաբայանը։
«Արժեքային հեղափոխությունը որևէ կերպ կասկածի տակ դրվել չի կարող, և հատկապես՝ Արսեն Բաբայանի կողմից», - արձագանքեց Արեն Մկրտչյանը։
Փետրվարի 17-ից մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Գլխավոր դատախազությունը ենթադրյալ իրավախախտումների մասին 12 հաղորդում է արձանագրել։ Ըստ դատախազության՝ 3-ը եղել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նույն անձի կողմից ներկայացված դիմումներ, որոնց կապակցությամբ ներկայացնողին տրվել են պարզաբանումներ: Մյուս 9 դեպքերը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են և դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակում են ստուգվել: Մասնավորապես՝ դրանցից 2-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և թողնվել անհետևանք, իսկ մնացած 7-ով իրականացվում են ստուգողական գործողություններ: