Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի նախագահի համոզմամբ՝ «այս հանրաքվեն խնդրահարույց է»


Փաստաբանների պալատի նախագահը խնդրահարույց է համարում սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեն։

Արա Զոհրաբյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Արա Զոհրաբյան. – Նախկինում էլ քննադատել ենք նախորդ իշխանության գործընթացները, հատկապես՝ կուտակային կենսաթոշակի, փաստաբանների ռեեստրի, դատական տուգանքի, և ավելին՝ նաև երբ պարոն Փաշինյանը հենց էդ, իշխանափոխության էդ գործընթացի ժամանակ երբ որ իրեն ձերբակալել էին և իր տեղը չէին հայտնում, այն ժամանակ էլ իրենց փաստաբանական գրասենյակի դիմումի հիման վրա Պալատի խորհուրդը դատապարտեց նաև իշխանությանը և հորդորեց, որպեսզի այդ գործընթացը օրենքի դաշտում տեղափոխեն։

Ինչևէ, սա՝ իմիջիայլոց, որ երբ որ խնդիր տեսնում ենք, մենք անպայման արձագանքում ենք։

Հիմա գանք այս գործընթացին։ Ես կարծում եմ, որ այս հանրաքվեն՝ Սահմանադրության մեկ հոդվածի հետ կապված, խնդրահարույց է։ Եթե կուզեք, ես մանրամասները կփորձեմ ներկայացնել։

«Ազատություն». – Այո, իհարկե, խնդրեմ։

Զոհրաբյան. – Տեսեք, երբ որ տեղի ունեցավ իշխանափոխություն, բնական է, որ ինձ՝ որպես քաղաքացու, բնական հարց ծագեց՝ ինչպես են վերանայելու բոլոր այդ ինստիտուտների գործունեությունը։ Պարզ է, որ դա դժվար է լինելու, որովհետև եթե կա խնդիր, այդ մետաստազները, բնականաբար, շատ խորն են լինելու, և դրանք վերափոխելու համար պետք է վիրահատական միջամտություն։ Դա շատ, պարզից պարզ էր՝ նույնիսկ ինձ համար, որ ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ այդ հարցի մասնագետ։

Բայց ընթացքը, ուղղությունը փոխվեց՝ ինչ առումով. տեսեք, էստեղ ոչ թե պետք է մեկ հոդված, մեկ ինստիտուտի նկատմամբ քայլ աներ, այլ պետք էր համակարգային։ Եվ ինչումն է կայանում խնդիրը։ Հիմա, նայեք՝ մեկ ամբողջ ռեսուրսը, փաստորեն, պետական ռեսուրսը ուղղորդվում է Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխությանը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների՝ որպես դատավորի կարգավիճակի հավասարեցմանը։ Ընդ որում՝ այդ նորմը, ըստ էության, պայմանական, զուտ պատկերավոր ասած՝ ինքը մեռած կանոն է, ինչո՞ւ՝ որովհետև իր գործն արդեն արել է. նա այդ անցումը ապահովել է, և այլևս այդ անդամները դատավորի կարգավիճակին հավասար աշխատում են, և Ազգային ժողովն էլ է ընդունել, որ իրենք դատավորներ են։ Հիմա՝ ինչո՞ւ այս ամբողջ ուժը ծախսել և գնալ էդ հոդվածը փոխելու, եթե, օրինակ, կարելի էր ընդունել նոր Սահմանադրություն և լուծել մի շարք պետական ինստիտուտների հարցերը, օրինակ՝ դատական համակարգ, Դատախազություն, Քննչական կոմիտե, և մնացած բոլոր կառույցները։

«Ազատություն». – Դուք հիմա ասում եք, որ պետք է ամբողջ Սահմանադրությունը դրվեր հանրաքվեի։

Զոհրաբյան. – Սկզբից գամ։ Հիմա, նայեք, ես հասկանում եմ, որ երբ, օրինակ, պարոն Փաշինյանը իր խորհրդատուներին հարցնում է՝ «ինչպե՞ս կարելի է, օրինակ, փոխել այս ինստիտուտները, որպեսզի մեր հեղափոխական ծրագրերը իրագործվեն», ընդունենք, լավ, իրեն ասում են, որ «Սահմանադրական դատարանը մեզ կարող է խանգարել, մենք ինչ լավ գաղափար բերենք՝ Սահմանադրական դատարանը կխանգարի»։ Հիմա, ինչպե՞ս անել, որպեսզի շրջանցել Սահմանադրական դատարանը։ Դրա համար կա երկու ճանապարհ, մեկը՝ որը հիմա ընտրվեց, այս ճանապարհը, որը, ես կարծում եմ, շատ լուրջ իրավական ականներ ունի իր տակը, և երկրորդ ճանապարհը դա նոր Սահմանադրություն ընդունելն էր, որովհետև միայն նոր Սահմանադրության ընդունելու դեպքում է, որ Սահմանադրական դատարանի կարծիքը նախապես չպետք է հարցնես՝ չկա նման սահմանափակում։ Եվ տրամաբանությունն էլ հուշում է՝ եթե դու հոդված ես փոխում Սահմանադրության մեջ, Սահմանադրական դատարանը պետք է նայի՝ էդ հոդվածի փոփոխությունը համապատասխանո՞ւմ է ընդհանուր Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին, և ներքին հակասություններ կա՞, թե՞ չկա։ Բայց եթե դու նոր Սահմանադրություն ես բերում, ինքը համադրելու օբյե՛կտ չի ունենա։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 8-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG