Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ահազանգեր է ստանում մարզերում վարչական ռեսուրսի կիրառման մասին. իշխանությունը բացառում է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը (ԼՀԿ) ահազանգեր է ստանում մարզերից, որ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ն հաղթի։

«Ազատության» հետ զրույցում «Լուսավոր Հայաստան»-ը պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրաժարվեց ասել, թե կոնկրետ ո՞ր մարզերից են ահազանգերը, շեշտելով միայն, որ հին հանրապետական մեթոդներն են կիրառվում։

Գորգիսյան. - Մենք արդեն ահազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետները իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին և պարտադրում, որ իրենց գյուղերում «Այո»-ն հաղթի։

«Ազատություն». - Շա՞տ են այդպիսի զանգերը։

Գորգիսյան. - Երեք, չորս մարզից նման ահազանգեր արդեն ստացել ենք։

«Ազատություն». – Ո՞ր մարզերն են։

Գորգիսյան. – Լավ կլիներ չհրապարակել։

«Ազատություն». – Մեկ-երկու դե՞պք են, թե՞ բազմաթիվ են։

Գորգիսյան. – Երեք-չորս մարզերի դեպքում մարզպետը բոլոր գյուղապետերի հետ այսպես հանդիպում է կազմակերպել։

«Ազատություն». – Ի՞նչ է ասել։

Գորգիսյան. – «Ամեն ինչ պիտի անեք, որպեսզի «Այո»-ն հաղթի», մոտավորապես այսպես։ Այսինքն՝ այն հին հանրապետական մեթոդներն ենք մենք տեսնում այսօր։

«Ազատություն». – Սուրեն Պապիկյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ պետք չէ իրենց արջի ծառայություն մատուցել, իրենք վարչական ռեսուրսի գործադրման կարիք չունեն, և անգամ իրավապահներին հորդորեց բոլոր այդ ահազանգերի հետքերով գնալ, հնարավո՞ր է, որ դիմեք իրավապահներին հենց այդ վարչական ռեսուրսի կիրառման հարցով։

Գորգիսյան. – Ես հույս ունեմ, որ պարոն Պապիկյանի հորդորը իրավապահներին բավարար էր, որպեսզի նրանք պատշաճ իրենց գործն իրականացնեն, և հույս ունեմ, որ նման հորդոր անելուց հետո պարոն Պապիկյանը նույն մարզպետներին այլ հրահանգներ ներքին կարգով չի տալիս։

«Ազատություն». – Այնուամենայնիվ ակնարկում եք, որ նա այլ հրահանգնե՞ր է տալիս մարզպետներին։

Գորգիսյան. - Ես հույս ունեմ, որ այդպես չի լինի, ես չեմ կարծում, որ որևէ մարզպետ այնքան, իրենց լեզվով ասած, դուխ ունի, որպեսզի պարոն Պապիկյանին առանց տեղյակ պահելու ինչ-որ գործառույթներ իրականացնի, առավել ևս՝ գյուղապետերին հանդիպի։ Եթե դա արջի ծառայություն է ամբողջ այդ քարոզարշավի համար, ես հույս ունեմ, որ պարոն Պապիկյանը հնարավորինս խիստ կդնի այդ հարցը։

Մինչդեռ իշխող «Իմ քայլ»-ից պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նաև «Այո»-ի քարոզչական կողմի լիազոր ներկայացուցիչն է, «Ազատության» հետ զրուցում բացառեց, որ իշխանությունը վարչական ռեսուրս կիրառի։ Հովակիմյանը Գորգիսյանին հորդորում է կոնկրետ փաստեր ներկայացրել, որոնց ուղղությամբ իշխանությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել։

Հովակիմյան. - Ես բացառում եմ այդ ահազանգերի իրական լինելը, որովհետև բոլոր պետական պաշտոնյաները՝ կլինեն մարզպետ, բոլորին ասվել է, որ որևէ կերպ, այսինքն՝ իրենց պաշտոնական դիրքը և հանրաքվեի քարոզչությունը որևէ կերպ չեն կարող փոխկապակցվել, այսպես ասենք։ Այսինքն՝ իրենք աշխատանքային ժամին պետական պաշտոնյաներ են, դա վերաբերվում է քաղաքական թիմի ներկայացուցիչներին, և միայն աշխատանքային ժամից հետո՝ իրենց պարտականություններից դուրս իրենք կարող են որպես քաղաքական թիմի ներկայացուցիչներ քարոզչությամբ զբաղվել։ Այսինքն՝ դա բացառվում է, նման բան բացառվում է։ Ի վերջո, հիշենք, որ գյուղապետերի գերակշռող մեծամասնությունը նախորդ իշխանությունների ժամանակ, ասենք, նույն հանրապետական, նախկինից եկող գյուղապետերն են։ Ես ավելի շատ դա կեղծ լրատվություն կընկալեմ։ Թող ցույց տան՝ որ գյուղապետը, որ մարզպետը, առարկայական ասեն, որ այս մարզպետը, որովհետև այսպես չի կարելի։

«Ազատություն». – Ասում են՝ «հանրապետականներն էլ էին ասում ընտրակաշառք չկա, ցույց տվեք այն մարդուն, ով կաշառք է տվել»։

Հովակիմյան. – Հիմա թող փաստը ասեն, հաստատ պատժվելու է այդ մարդը, եթե այդպիսի բան տեղի ունեցած լինի։

XS
SM
MD
LG