Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախընտրական արշավը հասավ վճռական փուլ: Այսօր այսպես կոչված «սուպերերեքշաբթին» է՝ 14 նահանգների, այդ թվում ամենախիտ բնակեցված նահանգների՝ Կալիֆորնիայի և Տեքսասի դեմոկրատ ընտրողները կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին:
Որպես կանոն, ընտրությունների այս փուլում է հստակեցվում, թե ովքեր են ընտրարշավի առաջատարները, շատ հաճախ ի հայտ է գալիս նաև ընտրարշավի միանձնյա առաջատարը:
Դեմոկրատական կուսակցությունը նախընտրական արշավի այս հանգրվանին է հասել Դոնալդ Թրամփի մրցակիցը դառնալ ցանկացող 6 գործիչների ցուցակով:
Նախօրեին, հիշեցնենք, մրցապայքարը լքելու որոշման մասին է հայտարարել Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը: Դեմոկրատ գործչի հայտարարությունը հաջորդեց Հարավային Կարոլինա նահանգում կայացած դեմոկրատական ներկուսակցական ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով Բութիջիչը չորրորդն էր՝ քվեների 8 տոկոսով:
Մինչդեռ ընտրարշավի մեկնարկին Աֆղանական պատերազմի 38-ամյա վետերանը համարվում էր դեմոկրատական փրայմերիների ամենահեռանկարային գործող անձանցից մեկը: Փետրվարի սկզբին Այովայում կայացած ընտրություններում Բութիջիչը, լինելով Ինդիանա նահանգի մեծությամբ չորրորդ քաղաքի ղեկավարը, կարողացել էր համոզիչ հաղթանակ տանել և առաջ անցնել բազմաթիվ սենատորներից և նահանգապետերից:
Հարավային Կարոլինայում ներկուսակցական քվեարկության արդյունքները ստիպել են նախագահական հավակնություններից հրաժարվել ևս մեկ դեմոկրատ գործչի՝ միլիարդատեր Թոմ Սթեյերին:
Եվ այսպես, առաջիկա ժամերին արդեն կուրվագծվի, թե Դեմոկրատական կուսակցության վեց հավակնորդներից ով կարող է մարտահրավեր նետել գործող նախագահին:
Ցուցակի առաջատարներից՝ Վերմոնթ նահանգից ընտրված ազդեցիկ սենատոր 78-ամյա Բերնի Սանդերսը պնդում է, որ հենց ինքն է ի վիճակի հաղթել Դոնալդ Թրամփին: Ծայրահեղ ձախակողմյան հայացքներով հայտնի գործիչը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարում է արդեն երկրորդ անգամ, այս անգամ էլ է խոստանում կտրուկ ավելացնել հարուստների հարկերը, վերացնել կրթական և առողջապահական վճարները, շեշտակի մեծացնել աշխատողների ժամավճարը:
Ներկուսակցական պայքարում Սանդերսի հիմնական մրցակիցը 77-ամյա Ջո Բայդենն է: Փորձառու քաղաքական գործիչն ամերիկացիներին խոստանում է ընտրվելու դեպքում շարունակել 44-րդ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։
Թրամփին ցանկանում է ձեռնոց նետել նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող միլիարդատեր Մայքլ Բլումբերգը: Կուսակիցները, այդուհանդերձ, նրան խստորեն քննադատում են՝ պնդելով, որ միլիարդատիրոջ քարոզարշավը զուրկ է գաղափարական առանձնահատկություններից և բացառապես ֆինանսական գրեթե անսահմանափակ միջոցների ծախսման վրա է հիմնված: Ինքը Նյու Յորքի երկարամյա քաղաքապետը նույնպես չի թաքցնում՝ չի խնայի միլիոնները Թրամփին ծնկի բերելու համար:
Դեմոկրատների առաջատար թեկնածուներից է նաև 70-ամյա Էլիզաբեթ Ուորենը: Ամերիկյան մի շարք հեղինակավոր բուհերի իրավունքի նախկին պրոֆեսորը Մասաչուսեթս նահանգից ընտրված սենատոր է, նա մասնավորապես հայտնի է դարձել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում իրավիճակից դուրս գալու իր մի շարք առաջարկներով: Ուորենը հետագայում դարձել է նախագահ Օբամայի հատուկ խորհրդականը: Նրա գլխավոր նախընտրական խոստումներից է անհավասարության դեմ պայքարը, հարուստների եկամտահարկերի ավելացումը:
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալ ցանկացող 59-ամյա Էմի Քլոբուշարը Մինեսոթա նահանգից ընտրված սենատոր է։ Մասնագիտությամբ իրավաբան գործիչն առաջարկում է մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են կանանց դեմ բռնությունների, կլիմայի փոփոխությունների կանխմանը, առողջության պահպանմանը:
Դեմոկրատների երրորդ կին հավակնորդը, ով նաև ամենաերիտասարդն է, կոնգրեսական Թուլսի Գեբրդն է, ով, ի դեպ, 2017 թվականին Հայաստան էր ժամանել ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում: 38-ամյա Գեբրդը մասնագիտությամբ զինվորական է, ծառայություն է անցել Քուվեյթում, մինչ այդ էլ 2004 թվականին բժշկական ջոկատում՝ Իրաքում։ Կոնգրեսականը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում վերջ դնել այլ պետությունների գործերին միջամտելու, ռեժիմների փոխելուն ուղղված Վաշինգտոնի քաղաքականությանը: