Միացյալ Նահանգներում շարունակվում է դեմոկրատների ներկուսակցական պայքարը, որի վերջնական արդյունքում ընտրվելու է թիվ մեկ թեկնածուն՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ պայքարելու համար:
Անցած երեքշաբթի Հարավային Կարոլինայում կայացած բանավեճում դեմոկրատների առաջատար սենատոր Բերնի Սանդերսը ենթարկվել է քննադատության մյուս թեկնածուների կողմից: Քննադատվել է նրա տնտեսական ծրագիրը, մասնավորապես՝ առողջապահական համակարգի նրա «ունիվերսալ» ծրագիրը, որը բանավեճի մյուս մասնակիցների կարծիքով հավակնոտ է ու շատ ծախսատար:
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ևս մասնակցել է բանավեճին: Սա նրա երկրորդ հրապարակային մասնակցությունն է դեմոկրատների ներկուսակցական պայքարին:
Շաբաթ օրը դեմոկրատների հերթական փրայմերիզն է, իսկ գալիք երեքշաբթին համարվում է վճռական փուլերից մեկը, երբ ներկուսակցական ընտրություններ են անցկացվելու մեկ տասնյակից ավելի նահանգներում: