«Դոնալդ Թրամփի վերջի սկիզբը». - Նյու Հեմփշիր նահանգում դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո դիմելով իր ոգևորված կողմնակիցներին՝ նման հայտարարությամբ հանդես եկավ փրայմերիների հաղթողը` Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը:
«Շնորհակալություն Նյու Հեմփշիր: Թույլ տվեք ձեզ մի բան ասել` այսօրվա մեր հաղթանակն ազդարարում է Դոնալդ Թրամփի վերջի սկիզբը», - հայտարարում էր Սանդերսը:
78-ամյա սենատորը երեքշաբթի օրը կայացած ներկուսակցական ընտրություններում ստացավ Նյու Հեմփշիրում բնակվող դեմոկրատ ընտրողների ավելի քան 25 տոկոսի աջակցությունը:
Նախորդ շաբաթ Այովայում կայացած ընտրություններում ևս Սանդերսն առաջատարների թվում էր: Այդ նահանգում Սանդերսը քվեների թվով առաջինն էր, սակայն Այովայից Դեմոկրատական կուսակցության համագումարին ուղարկվող պատվիրակների թվով նա զիջեց ընտրարշավի գլխավոր հայտնությունը համարվող 38-ամյա Փիթ Բութիջիչին: Ինդիանա նահանգում գտնվող Սաութ Բենդի նախկին քաղաքապետը Նյու Հեմփշիրում ևս լուրջ հաջողության հասավ` 24,5 տոկոսով նա երկրորդ տեղում էր:
«Ձեզանից շատ-շատերն այսօր եկան տեղամասեր` հավատարիմ դեմոկրատներ, անկախ հայացքների տեր մարդիկ, որոնք այլևս չեն կարող անտարբեր նայել տեղի ունեցող իրադարձություններին: Տեղամասեր էին եկել անգամ Դեմոկրատական կուսակցության որոշ նորաթուխ աջակիցներ` նախկին հանրապետականներ», - Նյու Հեմփշիրի Նաշուա քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարում էր Փիթ Բութիջիչը:
Ինչպես և Այովայում, Նյու Հեմփշիրի փրայմերիների ընթացքում ևս գլխավոր անհաջողակը դարձավ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նյու Հեմփշիրում Բայդենը հինգերորդն էր՝ նրա օգտին քվեարկեց տեղացի դեմոկրատ ընտրողների ընդամենը 8 տոկոսը:
Բայդենի շտաբում տիրող շփոթմունքի թերևս ամենավառ վկայությունն այն էր, որ նախկին փոխնախագահը, չսպասելով քվեարկության արդյունքների հրապարակմանը, լքեց Նյու Հեմփշիրը՝ անգամ շնորհակալություն չհայտնելով իր նախընտրական շտաբների ակտիվիստներին:
Մի շարք լրատվամիջոցների գնահատմամբ՝ վերջին մի քանի տասնամյակների ամերիկյան ընտրարշավների համատեքստում Բայդենի այս քայլն ուղղակի աննախադեպ էր:
Նյու Հեմշփիրից Բայդենն ուղևորվեց Հարավային Կարոլինա: Ներկուսակցական ընտրություններն այստեղ նշանակված են փետրվարի 29-ին:
Բայդենի թիմը Հարավային Կարոլինայի հետ լուրջ հույսեր է կապում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նահանգում մեծ թիվ են կազմում աֆրոամերիկացի և իսպանախոս ընտրողները: Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ սրանք բնակչության այն խմբերն են, որոնք առավել դրական են տրամադրված նախկին փոխնախագահի հանդեպ:
«Մինչ այս պահը մենք չենք լսել Դեմոկրատական կուսակցության ամենահավատարիմ ընտրողների` աֆրոամերիկացիների կարծիքը: Իսպանախոս ընտրողների ավելի քան 98 տոկոսը ևս առայժմ չի գնացել տեղամասեր: Եվ երբ տարատեսակ կաբելային հեռուստաալիքներով փորձագետները կրկին կսկսեն խոսել ընտրարշավի մասին, այդ մարդկանց պարզապես ասեք` ամեն ինչ դեռ նոր է սկսվում», - Հարավային Կարոլինայի իր աջակիցներին դիմելով՝ անցած գիշեր հայտարարում էր Ջոզեֆ Բայդենը:
Ընտրությունների ևս մեկ անհաջողակը սենատոր Էլիզաբեթ Ուորենն է, որը Նյու Հեմփշիրում ստացավ քվեների շուրջ 9 տոկոսը: Նա, սակայն, ինչպես և Ջոզեֆ Բայդենը, կոչ է անում իր կողմնակիցներին միմյանց հաջորդած երկու պարտություններից հեռուն գնացող հետևություններ չանել: «Ամեն ինչ դեռ առջևում է», - հայտարարում էր Ուորենը:
Դեմոկրատական ներկուսակցական ընտրություններում առաջադրված մյուս կին թեկնածուն` Մինեսոթայից ընտրված Էմի Քլոբուշարը Նյու Հեմփշիրում բավական լավ ցուցանիշ ապահովեց` շուրջ 20 տոկոս: Նրա ընտրարշավի հեռանկարները, այդուհանդերձ, առայժմ, ըստ փորձագետների, բավական մշուշոտ են: