Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, Արդարադատության նախարարության նախկին աշխատակից Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։
Նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Փանոսյանի մեղադրանքը լրացվել է, և Հատուկ քննչական ծառայությունը դիմել է դատարան՝ նրան կրկին կալանավորելու միջնորդությամբ:
Քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Թովմասյանին ևս նույն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: Նրա խափանման միջոցը չբացակայելու ստորագրությունն է։
Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գործից մանրամասներ չի հայտնում՝ նշելով միայն, թե մեղադրանքն անհեթեթ է. - «Ասում է՝ գնացել է մի տեղ, չգիտեմ որտեղ, տեսել է մեկին, չգիտեմ ում, եսիմ ով եսիմ ինչ ա արել, արդյունքում ինչ-որ մեկը տուժել ա։ Ի՞նչ արեց Նորայրը՝ չհասկացանք»։
Հրայր Թովմասյանի սանիկը ձերբակալվել էր սեպտեմբերին, նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր: Ավելի ուշ, նոյեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Փանոսյանին ազատ արձակեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Տիգրան Աթանեսյանի խոսքով, Փանոսյանին կրկին կալանավորելու միջնորդություն չէր կարող ներկայացվել. - «Օրենքը արգելում է, քանի որ նոր հանգամանքներ Նորայրի ազատ արձակվելուց հետո ի հայտ չեն եկել»։
Քննչական կոմիետի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը, նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ 2012-2013թթ. ընթացքում Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում նոտարներից վերցրել է նրանց տարածքը։ Նախարարության այլ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբը` մոտ 4 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել նոտարներին:
Նորայր Փանոսյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ մեղքը չի ընդունում։
Տարեվերջին ակնակլվում էր, որ գործով պետք է հարցաքննվի նաև Հրայր Թովմասյանը, սակայն հարցաքննությունը հետաձգվեց փաստաբանների բացակայության պատճառով։ ՀՔԾ-ից դեռ չեն մանրամասնում, թե երբ տեղի կունենա ՍԴ նախագահի հարցաքննությունը։
Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ տեղի է ունենում անմեղ անձի հետապնդում՝ դրանում քաղաքական ենթատեքստ տեսնելով. - «Նորայրին փորձում են դատել զուտ նրա համար, որ նա Հրայր Թովմասյանի սանիկն է, որպեսզի Հրայր Թովմասյանի վրա ազդեցություն գործեն»։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձում է Աթանեսյանին՝ շեշտելով, թե այս իշխանությունը եկել է նաև, որ թույլ չտա քաղաքական հետապնդումներ, որոնք կային նախկին իշխանության օրոք:
Տվյալ դեպքում Բաղդասարյանը նաև ընդգծում է՝ փաստաբանը այնպես պետք է իրականացնի իր պաշտպանությունը, որպեսզի չհակասի փաստաբանի վարքագծի կանոններին. - «Հաճախակի լինում են դեպքեր, երբ որ հենց վստահորդն է թելադրում, ասում ա՝ խնդրում եմ հայտարարել, որ դա քաղաքական հետապնդում է, և փաստաբանը այլընտրանք չի ունենում, ինչպես այդ հայտարարություններով հանդես գալ։ Բայց սա այնպես պետք է արվի, որպեսզի չնույնականացվի փաստաբանի անձը իր վստահորդի անձի հետ։ Հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք վարքագծի կանոնների հետ։ երբ որ գործը կհասնի դատարան, մենք բոլորս ականատես կլինենք, թե արդյոք ճիշտ է ասում նախաքննական մարմինը, որ տվյալ անձի արարքում կար հանցակազմ և սա որևէ առնչություն չուներ Սահմանադրական դատարանի նախագահի հետ»։