Սահմանադրական դատարանի 7 դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել՝ հորդորելով քրեական վարույթի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել օրենքի պահանջները:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները», - ասված է հայտարարությունում։
«Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ», - նաև հայտարարում են Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը և Ֆելիքս Թոխյանը։
Անցած ուրբաթ օրը Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Որպես Արդարադատության նախարար Թովմասյանի պաշտոնավարման շրջանին առնչվող գործով վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նույն օրը Գլխավոր դատախազությունը մանրամասներ հրապարակեց տվյալ գործով։