Մատչելիության հղումներ

«Տպավորություն ունեմ, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Հրայր Թովմասյանն է». Էդմոն Մարուքյան


Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանի միջազգային վարկանիշի տեսանկյունից մտահոգիչ է համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին շուրջ «կոնցենտրացիան»:

«Այսօր ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 օրակարգը դա մի մարդու խնդիր է, որը նստած է Սահմանադրական դատարանում և ամբողջ Հայաստանի Հանրապետության մարմինները զբաղված են այդ գործով», - «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում մեկնաբանեց Մարուքյանը: - «Այսինքն, ես ուզում հասկանալ նաև՝ էս կոնցենտրացիան որը կա և էս կոնցենտրացիայի համար մենք դրսերում՝ Ստրասբուրգում և այլ վայրերում մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու: Վաղը՝ մյուս օրը մոնիտորինգի հանձնաժողովում էս հարցերը բարձրացվելու են մեր դեմ», - նշեց նա:

Ուրբաթ օրը ԱԱԾ էին հրավիրվել Հրայր Թովմասյանի հայրը և դուստրը, նախօրեին էլ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Թովմասյանի հայրական տուն: ԱԱԾ այս գործողությունը մեկնարկել էր նույն օրը, երբ ՍԴ նախագահի դեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական գործ էր հարուցել, ՀՔԾ-ն ՍԴ-ում, ՀՀԿ գրասենյակում և Ազգային ժողովում քննչական գործողություններ էր իրականացրել: Իրավապահների այս գործողությունները Հրայր Թովմասյանի աջակիցները քաղաքական հետապնդում են որակում:

Ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ, ուրբաթ երեկոյան տարածած հաղորդագրությունում մի շարք մանրամասներ է հրապարակել Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ՝ դրանք պայմանավորելով շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշահումների փաստերով, ինչպես նաև պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

Ավելի վաղ էլ Ազգային ժողովի դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որը բարձր դատարանը ​մերժել էր:

Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, նկատում է․ - «Ուրեմն ես ձեզ պետք է ասեմ, որ Հրայր Թովմասյանի լինելիությամբ չեն պայմանավորված Հայաստանում ընթացող ռեֆորմները, նրա լինելիությամբ չէ պայմանավորված մեր ժողովրդի լավ կամ վատ ապրելը, տնտեսության զարգացումը: Որևէ բան, ըստ էության, նրա հետ չի կապված: Մի բան ա կապված նրա հետ, որ նա Սահմանադրական դատարանի նախագահն է, և, ասենք, Վահե Գրիգորյանն էլ ուզում ա ինքը դառնա էդ նախագահը: Երևի դա է կապված, ուրիշ որևէ բան կապված չի»:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Կիրակնօրյա վերլուծականի եթերում՝ տեսանյութը՝ ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG