Մատչելիության հղումներ

Պաշտպանը պնդում է, որ Թովմասյանին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ էր նախ ստանալ ՍԴ-ի համաձայնությունը


Ամրամ Մակինյան
Ամրամ Մակինյան

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը, չի ընդունում մեղադրանքը։ Մակինյանի խոսքով, Թովմասյանը սա քաղաքական հետապնդում է համարում:​

ՍԴ նախագահն այսօր հարցաքննության էր կանչվել Հատուկ քննչական ծառայություն, սակայն փաստաբանական թիմը խնդրել էր տեղափոխել այն, ինչը քննչական մարմինը կատարել է:

Թովմասյանի փաստաբանը պնդում է, որ անձեռնմխելիությամբ օժտված Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար Գլխավոր դատախազությունը նախ պետք է թույլտվություն ստանար Բարձր դատարանից, ինչը չի արել. - «Մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար Գլխավոր դատախազը պետք է ունենար Սահմանադրական դատարանի համաձայնությունը։ Որը չի ունեցել»։

Դիտարկմանը, թե դատախազությունը պնդում է, որ մեղադրանքը չի առնչվում Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ լինելու ժամանակաշրջանին, փաստաբանն արձագանքեց. - «Մեկնաբանություններ ինչքան ասեք, կարող են լինել։ Օրենքում շատ հստակ նշված է»։

Անցած շաբաթ Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ քրեական գործը վերաբերում է Թովմասյանի Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում երկու դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Եվ որ քրեական այս գործը հարուցվել է այս տարվա օգոստոսին՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության գործողության ժամանակ, և քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են այժմ գործող օրենքները:

Այսինքն, 2015 թվականի Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թվականի Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառութային անձեռնմխելիություն: Ըստ դատախազության, սա նշանակում է, որ թեև Թովմասյանի Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հրայր Թովմասյանին դատավորի գործունեությունից չբխող արարքի համար պատասխանատվության կանչելիս անձեռնմխելիություն չի կիրառվում:

Մինչդեռ Թովմասյանի փաստաբանական խումբը պնդում է, թե դատախազության այս գործելաոճը, երբ կիրառվում է այժմ գործող Սահմանադրությունը, վատթարացնում է մասնավոր անձի իրավական վիճակը, քանի որ Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու դեպքում սահմանափակվում է դատավորի` որպես մասնավոր անձի անձնական ազատության հիմնական իրավունքը։ Ըստ այդմ՝ չպետք է կիրառվի այժմ գործող Սահմանադրության՝ անձնական անձեռնմխելիության բացակայության մասին դրույթը:

«Կա կոնկրետ, սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս և կարգավորում է ընդհանրապես Սահմանադրական դատարանի դատավորներին որպես մեղադրյալ ներգրավելու կարգը։ Այս պայմաններում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջները ակնհայտորեն չեն պահպանվել։ Այլ մեկնաբանություններ այս մասով ինչքան ասես, կարող են լինեն, բայց դրանք չեն կարող լինել հիմնավորված, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը կոնկրետ ընթացակարգեր է սահմանում՝ շատ պարզ շարադրված։ Անգամ ոչ իրավաբանը կարող է կարդալ և հասկանալ», - պնդեց Մակինյանը։

Նրա ընդգծմամբ՝ Բարձր դատարանի նախագահին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան՝ որպես մասնավոր անձի, այլ ոչ թե ՍԴ դատավորի, ուստի հին Սահմանադրությամբ տրամադրված հավելյալ երաշխիքները չեն կարող կրճատվել դատախազության կամայական մեկնաբանությամբ:

Հրայր Թովմասյանն անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն դեռ կես տարի առաջ են զգուշացրել, որ «X, Y, Z քայլերը չանելու համար» իրեն մի օր մեղադրանք կառաջադրվի:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ այն, որ դատավորները պետք է պաշտպանված լինեն Սահմանադրությամբ և օրենքներով, միանշանակ է: Բայց Գլխավոր դատախազության գործողությունները բխում են օրենքներից և Սահմանադրությունից, այն Սահմանադրությունից, որի հեղինակը հենց Հրայր Թովմասյանն է. _ «Կարող ենք մենք ենթադրել, եթե օրենքը մեկնաբանենք տառացի, այսինքն ելնենք պոզիտիվ այդ իրավունքից, ապա դուրս է գալիս, որ դա նշանակում է, որ եթե դատավորի գործունեության հետ կապված չէ, ապա կարելի է առանց Սահմանադրական դատարան դիմելու քրեական հետապնդում իրականացնել նրա նկատմամբ»։

Բարձր դատարանի 7 դատավորներ այսօր հայտարարություն են տարածել՝ իրավապահներին հորդորելով առավելագույնս ապահովել մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, և որ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի դատավորները ընդգծել են, որ աշխատում են բնականոն հունով՝ հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG