Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ։
«2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքները իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու և շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված նաև բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից: Բացի այդ, վերջինիս առաջարկվել է նյութերով նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը, ինչը սակայն, նրա կողմից մերժվել է:
Ընդ որում, ընդառաջելով Վ. Թովմասյանի ցանկությանը՝ նրան առաջարկվել է բացատրությունը տալ իր իսկ տանը, այդ նպատակով Վ․Թովմասյանի առանձնատուն է այցելել ՀՀ ԱԱԾ աշխատակից, սակայն նա, փոխելով դիրքորոշումը, նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ իր իսկ կողմից հրավիրված փաստաբանների ներկայությամբ», ֊ ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության, նախապատրաստվող նյութերով միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաև իրականում չկատարված աշխատանքները ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ։
ԱԱԾ֊ն, միաժամանակ, նշում է, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։
«Նշված դատավարական գործողությունները կատարվել են հիշյալ անձանց կողմից ընտրված փաստաբանների մասնակցությամբ, իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքների պահպանմամբ», ֊ ասված է հաղորդագրությունում։