Մատչելիության հղումներ

Քոչարյանին առնչվող հարցի վերաբերյալ կառավարությունն իր դիրքորոշումն ուղարկել է ՄԻԵԴ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Ստրասբուրգ, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Ստրասբուրգ, արխիվ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող հարցի վերաբերյալ Հայաստանի կառավարությունն իր դիրքորոշումն է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Խոսքը Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածին է առնչվում: Հայաստանի սահմանադրական դատարանը միջազգային երկու կառույցներից խնդրել է խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ: Սահմանադրական կարգը տապալելու մասին այս հոդվածը, ըստ Քոչարյանի, ինչպես նաև նրա դատական գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանի, Սահմանադրության հետ խնդիրներ ունի:

Ստրասբուրգի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում չմանրամասնեց, թե մասնավորապես ինչ պատասխաններ է տվել կառավարությունը: Ասաց, որ դրանք ուղարկվել են նաև Սահմանադրական դատարան. - «Կառավարությունը ներկայացրել է զուտ այն հարցադրումները, որը Սահմանադրական դատարանն էր բարձրացրել՝ կապված կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներում հնարավոր մարդու իրավունքների խնդիրների հետ, և դրա շուրջ կառավարությունը ներկայացրել է իր մեկնաբանությունները, արդյոք դրանք առկա են, թե չէ», - նշեց նա:

Ըստ Կիրակոսյանի, Ստրասբուրգի դատարանին Կառավարությունը համոզիչ փաստարկներ է ներկայացրել. - «Այն մեկնաբանությունը, որը կառավարությունը ներկայացրել է դատարանին, կարծում ենք, որ ամբողջական հիմնված է հենց դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության վրա, և այսպես ասենք, կառավարությունը վստահ է իր դիրքորոշմանը»:

Կիրակոսյանը նշում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի քննարկելու՝ արդյոք սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե ոչ։ Ըստ էության, Ստրասբուրգի դատարանն իր խորհրդատվական գնահատականի մեջ նշելու է՝ արդյոք Քոչարյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, թե ոչ։

«ՄԻԵԴ-ի կարծիքը կրելու է խորհրդատվական բնույթ», - շեշտում է Կիրակոսյանը:

Անցած հոկտեմբերին ՄԻԵԴ-ը վարույթ էր ընդունել Հայաստանի բարձր դատարանի դիմումը: Ըստ Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջի, Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին խնդրել է քննարկել իրենց հարցը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում։ Այդ հոդվածով ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։

Միևնույն ժամանակ, Եվրոպական կոնվենցիայի տվյալ հոդվածում ասվում է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն: Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին ուղղված իր հարցերում նաև բարձրացնում է վիճահարույց հոդվածի որոշակիության հարցը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով՝ կառավարության պարզաբանումը չի կարող լինել համոզիչ ՄԻԵԴ-ի համար. - «Ես գտնում եմ, որ համոզիչ հանգամանք առ այն, որ 300.1-ը կարող է լինել Եվրոպայի լավագույն փորձի տեսանկյունից որոշակի և հստակ հոդված չի կարող լինել, և մեկ այլ հանգամանք էլ եմ ուզում ընդգծել, որ «Յոթի գործի» հետ կապված ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ դիրքորոշում պետք է ներկայացվի, որովհետև «Յոթի գործը» հենց հետադարձ ուժի տեսանկյունից անկյունաքարն է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեկ դեպքում պրակտիկան գնում է մի ուղղությամբ, մեկ այլ դեպքում՝ այլ», - ասաց նա:

Քոչարյանի փաստաբանները բազմիցս են պնդել, որ այդ հոդվածը նաև անորոշ է և հստակություն չի սահմանում: Փաստաբան Արամ Վարդևանյանը շեշտում է՝ այս հոդվածում վկայակոչվում են Սահմանադրության մի շարք հոդվածներ, որոնք, սակայն, խնդրահարույց են:

«Սահմանադրության 1-6-րդ հոդված 6.1 մաս, դա ո՞րն է, այսինքն՝ մենք Սահմանադրության հոդվածները, կարծում եմ, մենք բոլորս ենք չէ՞ հասկանում, որ շատ վերացական նորմեր են: Այդպես է ամբողջ աշխարհում: Ես վստահ եմ, որ արդեն տեղյակ եք, որ դատախազությունը 2009 թվականին դիրքորոշում էր ներկայացրել, որ 300-րդ հոդվածի հետ հետ համեմատության մեջ, նախկինի խմբագրության, 300.1-րդ հոդվածն իրենից ներկայացնում է նոր հանցակազմ: Սա ես չեմ ասել, սա դատախազությունն է ասել, դատարանն էլ դատախազության այդ դիրքորոշումը օրինական է համարել 2009 թվականին «Յոթի գործով»: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է ասել, որ հետադարձ ուժը տվյալ դեպքում չի գործում, ի՞նչ է փոխվել», - ասաց Վարդևաբնյանը:

Ստրասբուրգի դատարանի 17 դատավորներ Մեծ պալատի կազմում զբաղված են այս հարցի քննությամբ: Ըստ ՄԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, գարնանը, ըստ ամենայնի, դատարանը կհրապարակի իր կարծիքը:

XS
SM
MD
LG